Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Գիտնականները ներկայացրեցին միջուկային տեխնոլոգիաների ոլորտում նոր զարգացումները

Գիտնականները ներկայացրեցին միջուկային տեխնոլոգիաների ոլորտում նոր 
զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջուկային էներգետիկայի հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ Երևան են ժամանել գիտնականներ Ռուսաստանից և Բելառուսից, ովքեր լրագրողներին պատմեցին, թե ժամանակակից աշխարհում որտե՞ղ կարող է հանդիպել միջուկային տեխնոլոգիաների կիրառումը, բացի էներգետիկայից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնական Ալեքսանդր Զայցևը, Մոսկվայի ախտորոշիչ և հեռաբժշկության կենտրոնի գիտնական Աննա Խորուժայան, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Դմիտրի Էփշտեյնը նշեցին, որ այսօր ամբողջ աշխարհում միջուկային տեխնոլոգիաներն օգտագործվում են բազմաթիվ ոլորտներում. վարակազերծում է սննդամթերքը, մշակում է գյուղատնտեսական արտադրանքները, բարձրացնում է բույսերի բերքատվությունը, ոչնչացնում է մահացու հիվանդություն տարածող վիրուսները, կիրառվում է ուռուցքաբանության ոլորտում, ստերիլիզացնում է բժշկական սարքավորումները, օգտագործվում է տիեզերագնացության ոլորտում և այլն:

«Կան այնպիսի ոլորտներ էլ, որտեղ արդեն շատ վաղուց օգտագործվում է միջուկային տեխնոլոգիան: Դրանք են էներգետիկայի և բժշկության ոլորտը, իսկ կան ոլորտներ, որտեղ միջուկային տեխնոլոգիան դեռևս նոր է կիրառվում: Օրինակ` միջուկային տեխնոլոգիայի միջոցով մշակվում է սննդամթերքը, ինչը թույլ է տալիս շատ ավելի երկար ժամկետով պահել այն: Դա ավելի մաքուր է, քան, օրինակ, եթե քիմիական նյութերով փորձեինք երկարացնել սննդամթերքի պիտանելիության ժամկետը: Սննդամթերքը փչանում է միկրոօրգանիզմների պատճառով, և կարող ենք ճառագայթման միջոցով սպանել դրանց: Այդ տեխնոլոգիան շատ ակտիվ կիրառվում է, հստակ չափանիշներ են սահմանվել երկրներում, որ ճառագայթման նորմերը չխախտվեն: Օրինակ`կարող եմ ասել, որ դուք չեք կերել բանան, որը ճառագայթված չի եղել»,- ասաց Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնական Ալեքսանդր Զայցևը:

Մոսկվայի ախտորոշիչ և հեռաբժշկության կենտրոնի գիտնական Աննա Խորուժայան պատմեց, որ միջուկային տեխնոլոգիաների միջոցով ախտորոշվում են ուռուցքները և այլ հիվանդություններ և բուժվում: Գիտնականը խոսեց ուղեղի հետազոտության վերջին միտումների մասին և այն մասին, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաներն օգնում ուսումնասիրել ուղեղը:

Դմիտրի Էփշտեյնն իր հերթին ներկայացրեց տիեզերագնացության ոլորտում միջուկային տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները և տիեզերագնացության ոլորտում վերջին զարգացումները:

 «Ռոսատոմը» հուլիսի 30-ին ժամը 19:00-21:00-ին կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում:

Միջոցառման նպատակն է բարձրացնել երիտասարդների տեղեկացվածությունը ատոմային տեխնոլոգիաների՝ ոչ էներգետիկ նպատակներով օգտագործման վերաբերյալ: Նախատեսվում են դասախոսություններ միջուկային բժշկության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տիեզերական հետազոտությունների ոլորտներում խաղաղ ատոմի գործածության շուրջ, ինչպես նաև նշված թեմաներով վիկտորինաներ:

Մասնակիցներին սպասում են կրեատիվ ֆոտոգոտիներ, դիջեյ, ինտերակտիվ դասախոսություններ՝ Ռուսաստանի և Բելառուսի մասնագետների կողմից, ինչպես նաև վիկտորինաներ և բազմաթիվ նվերներ: Միջոցառմանը փորձագետները կպատմեն, թե  ժամանակակից աշխարհում որտեղ են կիրառվում միջուկային տեխնոլոգիաները և ինչպես են դրանք այսօր մեզ օգնում։

Միջուկային տեխնոլոգիաների դերն այսօր բնակչությանն էներգիայով ապահովելը չէ միայն։ Ամեն օր, մեր սիրելի ուտեստին օտար համեմունքներ ավելացնելով, մենք նույնիսկ չենք մտածում, որ դրանք անցել են իոնիզացված ճառագայթում, որպեսզի հեռացվեն վնասատուները՝ պահպանելով համն ու բույրը։ Օդանավակայաններում անվտանգության հսկողության սարքով անցնելիս, մենք նաեւ հանդիպում ենք ռենտգեն ճառագայթների հետ, որոնք կարող են տեսնել թաքցվածը: Ատոմը նույնպես օգտագործվում է բշժկության մեջ, օգնելով ախտորոշման ու բազմաթիվ բարդ հիվանդությունների բուժման մեջ, ինչպես նաև կյանքի այլ բնագավառներում։ Ատոմային տեխնոլոգիաների երեկոյի ընթացքում բարդ երևույթների մասին պարզ լեզվով կպատմեն փորձագետները:

Հայաստանը նշում է ատոմային ոլորտի 55 տարին։ 55 տարի առաջ՝ 1966 թվականի սեպտեմբերի 17-ին, ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Հարավային Կովկասում առաջին ատոմակայանի՝ հայկական ատոմակայանի կառուցման մասին:

Հայաստանում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման ամենատարածված ուղղությունը էներգետիկան է։ Բացի այդ, վերջին մի քանի տարիների ընթացքում նոր թափ է ստանում միջուկային բժշկությունը` մեկնարկել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա (ПЭТ-КТ), որը հանդիսանում է չարորակ գոյացությունների ախտորոշման հիմնական մեթոդը. «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է նաև միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]