Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին

Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը տեղի կունենա 
օգոստոսի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Առուշ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 16:00-ին»,- գրել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով՝ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]