Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օգոստոսին Գյումրիում կանցկացվի «Գրաունդ Արտ Ֆեստ» միջազգային եռօրյա փառատոնը

Օգոստոսին Գյումրիում կանցկացվի «Գրաունդ Արտ Ֆեստ» միջազգային եռօրյա 
փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ԳՈՒՐԲԱՆ սոցիալ-մշակութային հարթակի նախաձեռնությամբ, օգոստոսի 6-8-ը, Գյումրիում կանցկացվի «Գրաունդ Արտ Ֆեստ»  միջազգային  փառատոնը:  Փառատոնը նպատակ ունի նպաստել ժամանակակից արվեստի տարածմանը Հայաստանի մարզերում: Փառատոնը բաղկացած է արվեստի տարաբնույթ միջոցառումներից՝ ցուցահանդեսներից, համերգներից, ներկայացումներից, փերֆորմանսներից, ֆիլմերի բացօթյա դիտումներից և այլն:

Այս մասին հուլիսի 28-ին Գյումրիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեցին փառատոնի կազմակերպիչները՝ տեղեկացնելով, որ 2021-ի հուլիսից 22 արվեստագետ 6 երկրներից ժամանել են Գյումրի և մեկ ամիս շարունակ ստեղծագործել միասին։ Երիտասարդ արվեստագետներն իրենց ստեղծագործությունները կցուցադրեն «Գրաունդ» փառատոնի շրջանակում: «Մի խումբ գերմանաբնակ և հայ երիտասարդ արվեստագետների համագործակցության արդյունքում ծնվել է «Գրաունդ Արտ Ֆեստը»,- նշեց ծրագրի համակարգող Սյուզաննա Գինոսյանը:

Փառատոնը ներգրավելու է Գյումրիի քաղաքային՝ ուրբան տարածքները, այդտեղից էլ փառատոնի անվանումը՝ ԳՈՒՐԲԱՆ: Միջոցառումները լինելու են ինչպես մարդաշատ՝  Գյումրու շուկայի, երկաթուղային կայարանի, այնպես էլ ոչ այնքան մարդաշատ  տարածքներում:

Հարթակի համահիմնադիր Մարիա Մատինյանը կարևորեց փառատոնի շրջանակում հայ և այլազգի արվեստագետների համագործակցությունն ու տարբեր երկրների արվեստագետների միավորումը: «Ներկայացվելու են արվեստի գործեր, որոնք միահամուռ աշխատանքի արդյունքով են ստեղծված: Հյուրերին կներկայացվեն նաև մեր մշակույթն ու սովորությունները: Հուսանք, քաղաքի բնակիչներին կհետաքրքրի, և իրենք ևս կմիանան մեզ»,-նշում է Մարիա Մատինյանը:      

«Շուկան ազատ տարածք է՝ տարածք բոլորի ու ամեն ինչ համար, և սա ժամանակակից արվեստագետներին ազատ ստեղծագործելու հնարավորություն կտա: Ինչպես մյուս տարածքներում, շուկայում ևս այդ երեք օրերի ընթացքում ներկայացումները կլինեն 9:00-13:00-ն»,-ներկայացնելով փառատոնի անցկացման վայրերից մեկը՝ նշեց համակարգող Լյուդմիլա Կիրսանովան:                                

Նախագիծը համաֆինանսավորվում է Երևանի «Գյոթե» կենտրոնի, Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրամի, Բավարիայի մշակույթի և գիտության նախարարության կողմից։    

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]