Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները

Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. 
պետական ծրագրերի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ձեռնարկած միջոցառումների շրջանակում մոտ 61 մլրդ դրամ  է ուղղվել պատերազմի հետևանքով տուժած արցախցիների աջակցությանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը: Յուրաքանչյուր արցախցու միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 68 հազար դրամի չափով: Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ դրամական աջակցությունը կազմել է 300 հազար դրամ: Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած  բնակիչների միանվագ աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանվել է 250 հազար դրամ:

«Ասեմ, որ բոլոր միջոցառումների մասով մենք ունենք խնդիր՝ անձի փաստացի հաշվառման հետ կապված: Արցախի մեր գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ, շահառուների ցուցակը թարմացվում է, վճարումները շարունակվում են: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ բոլոր ծրագրերով սահմանված դրամական աջակցությունը տրվում է յուրաքանչյուր անձի: Կապ չունի, թե ընտանիքը քանի անձից է բաղկացած, անդամները չափահաս են, թե ոչ»,- ասաց Անահիտ Գալստյանը:

Ուշադրության կենտրոնում են եղել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձինք:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ այս ուղղությամբ շահառուներին տրամադրվել է միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500 000 դրամի չափով: Շուրջ 7 հազար 400 շահառուի վճարվել է 3.5 մլրդ դրամ: Միանվագ դրամական օգնություն տրամադրվել է նաև քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիական անձանց:

«Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների համար սահմանվել է 5 000 000 դրամ: Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվել է 3 000 000 դրամ, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին՝ համապատասխանաբար 2 և 1 մլն դրամ»,- ասաց Արտակ Հարությունյանը: Նշված ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխայի դեպքում սահմանվել է 3 000 000 դրամ:  

ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է տեղահանված արցախցիների 97 տոկոսը: Այն անձինք, որոնք դեռ փաստաթղթային խնդիրների պատճառով չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, դիմում են օպերատիվ շտաբ, և այդ հարցերը կարգավորելուց հետո, լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրերում: Այս ընթացքում կատարվել է արցախցիների կարիքների գնահատում՝ առանձնացնելով առաջնահերթությունները:

«Կեցության ու զբաղվածության հարցերը շարունակում են առաջնահերթ մնալ տեղահանված արցախցիների շրջանում: Զբաղվածության ուղղությամբ երկու ծրագիր արդեն իրականացվում է: Առաջինի շրջանակում շահառուն աշխատանքի անցնելու դեպքում պետությունը 3 ամիս ամեն ամսվա համար 100 հազար դրամ է վճարում: Ստացվում է և՛ աշխատանք, և՛ ուսուցում: Գործատուները պատրաստ են աջակցել դիմող տեղահանված արցախցիներին: Ասեմ, որ արդեն շուրջ 300 հոգի օգտվում են ծրագրից: Գործում  է նաև «Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց» ծրագիրը»,- ասաց Սասուն Սավադյանը:

Այս ընթացքում արցախցիներին հյուրընկալած կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք նույնպես աջակցություն են ստացել: Ծրագիրն ավարտվում է օգոստոսին: Արտակ Հարությունյանը նշեց, որ այժմ քննարկվում են հետագա անելիքներն արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]