Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար. Արցախի պետնախարար

Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար. 
Արցախի պետնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 26-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի, ԱՀ նախագահի խորհրդական Լիլիթ Հակոբջանյանի, պետական նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, այնուհետև հանդիպել բուժանձնակազմի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շրջայցի ընթացքում պետական նախարարը ծանոթացել է ստացիոնար պայմաններում հսկողության տակ գտնվող ծննդկանների առողջական վիճակով, շնորհավորել փոքրիկների ծննդի առթիվ, հետաքրքրվել նրանց բուժսպասարկման ընթացքով և մաղթել առողջություն:

Կենտրոնի գլխավոր տնօրեն Վարդգես Օսիպովը ներկայացրել է տեղեկություններ հաստատության կողմից իրականացվող ծառայությունների, ինչպես նաև միջանկյալ լուծումներ պահանջվող խնդիրների մասին:

Բուժանձնակազմի հետ հանդիպմանը Ա.Բեգլարյանը, մասնավորապես, նշել է.

«Առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը: Թեպետ 44-օրյա պատերազմի ընթացքում ծննդատան նոր մասնաշենքին լուրջ վնասներ են հասցվել, սակայն դա չի փոխել կառավարության մոտեցումները: Մենք պատրաստվում ենք պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով և ենթակառուցվածքներով արդիական ծննդատուն ունենալ:

Իմ պատկերացմամբ, քաղաքացիներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար կարևորագույն պայմաններից մեկը բուժանձնակազմի կարողությունների շարունակական բարձրացումն է: Ոչ պակաս կարևոր հարցերի շարքում է բոլոր օղակներում հաղորդակցության մեխանիզմների արդյունավետության բարելավումը:

Մեզ համար սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ արդեն իսկ ունեցել ենք: Կարևոր եմ համարում նաև կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ աշխատանքները և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում: Վստահ եղեք, որ ցանկացած հիմնարար որոշում կայացվելու է ներառական ու պրոֆեսիոնալ գործընթացների արդյունքում»,- նշել է պետական նախարարը:

Իր հերթին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը, նշելով, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ:

Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մի շարք օրախնդիր հարցերի շուրջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]