Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանի ԶՈՒ կրակոցները սահմանամերձ գյուղերի հարևանությամբ խախտում են բնակիչների կյանքի իրավունքը. ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը

Ադրբեջանի ԶՈՒ կրակոցները սահմանամերձ գյուղերի հարևանությամբ խախտում են 
բնակիչների կյանքի իրավունքը. ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հուլիսի 26-ի վաղ առավոտյան քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի, պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերից և ընդհատումներով շարունակվել են տևական ժամանակ:

«Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական զինված ուժերի դիրքերից բացի, արձակվել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Կրակոցները պարզ լսելի են եղել նաև Սոթք գյուղում և Գեղամասար համայնքի այլ մասերում:

Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների, նրանց հրահրած լարված իրավիճակի պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները:

Այն փաստը, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը գիշերը կրակոցների պատճառով ստիպված է եղել դադարեցնել հանքավայրի աշխատանքը, վկայում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ընկերության օրինական ձեռնարկատիրական գործունեությունը խոչընդոտելու, աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտելու, մարդկանց կյանքի համար իրական վտանգի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրել է, որ հողմակների այն տարածքը, որտեղից ադրբեջանական զինված ուժերը կրակել են, ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի որոշմամբ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրամադրվել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և այդ ընկերության հետ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

«Այսինքն՝ հողատարածքը իրավական հիմքով պատկանում է ՀՀ-ում գրանցում ունեցող ընկերության օրինական տիրապետությանը, այն տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ:

Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են 2020թ. նոյեմբերի 25-ին ու դրանով ընկերությանը պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել 2021թ. փետրվարի 5-ին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1515)»,- հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Ըստ աղբյուրի՝ հուլիսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 26-ին ՝վաղ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրի հարևանությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը, Գեղարքունիքից բացի, հուլիսի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի հարևանությամբ: Լսելի են եղել նաև գյուղում: Կրակոցները վերսկսել են նաև ժամը 15:30-ից և մինչ այս պահը շարունակվում են:

«ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի նշված համայնքների անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցների փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում:

Նրա գնահատմամբ՝ նկարագրված կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:

«Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը»,- շեշտել է Արման Թաթոյանը՝ նկատելով, որ Գեղարքունիքի և Արարատի մարզերում հուլիսի 26-ի ադրբեջանական կրակոցների փաստերը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]