Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Հայկական ՓՄՁ-ները՝ միջազգային հարթակներում. մեկնարկեց «Նորարարության օր 2021» համաժողովը

Հայկական ՓՄՁ-ները՝ միջազգային հարթակներում. մեկնարկեց «Նորարարության օր 
2021» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորարարության օր 2021» համաժողովը բացառիկ հնարավորություն է հայկական ձեռնարկությունները միջազգային հարթակներում ներկայացնելու, հայկական ՓՄՁ-ների տեսանելիությունը ներդրողների շրջանում բարձրացնելու և նոր ներդրումներ ներգրավելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 26-ին Երևանում համաժողովի բացման ընթացքում  հայտարարեց «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը:

Կազմակերպիչների խոսքով՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից է: Ուստի, հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի հսկայական ներուժը՝ Ներդրումների աջակցման կենտրոնը և Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպել են նշված միջոցառումը՝ ոլորտի հետագա զարգացումն ու ամրապնդումը խրախուսելու նպատակով:

«Մենք վստահ ենք, որ նման միջոցառումները կարող են կայուն հիմք հանդիսանալ հայկական ՓՄՁ-ների ներուժի իրացման համար: Որպես ներդրումների խրախուսման ազգային գործակալություն՝ «Էնթերփրայզ Արմենիան» պատրաստ է ջանքեր գործադրելու և աջակցելու հայկական ընկերություններին նոր ներդրումներ ներգրավելու և իրենց արտադրական կարողությունները ընդլայնելու հարցում: Միաժամանակ միջոցառումը միտված է զարգացնելու Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները, գործարար կապերը և խորացնելու համագործակցության համարժեք հեռանկարները», - իր բացման խոսքում ասաց Լևոն Օհանեսյանը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոյի խոսքով՝ թեև համաժողովը դուրս է գալիս հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների շրջանակից, այդուհանդերձ, սա շատ լավ գործիք է և յուրօրինակ հնարավորություն խթանելու Հայաստանի և Շվեյցարիայի առևտրատնտեսական հարաբերությունները: Մասնավորապես, շատ լավ հնարավորություն է հայկական ընկերությունների համար ավելացնելու իրենց ներկայությունը Շվեյցարիայում:

Իսկ Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը իր տեսաուղերձում ընդգծեց՝ նորարարական ընկերությունները շատ են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Շվեյցարիայում, սակայն Շվեյցարիան իր ինովացիոն արտադրանքով հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանը՝ ոչ: Հենց այդ պատճառով էլ կազմակերպվել է «Նորարարության օր» համաժողովը՝ հայկական արտադրանքը միջազգային հարթակներում ցուցադրելու և հայկական ընկերությունների տեսանելիությունը բարձրացնելու նպատակով:

«Եթե համաժողովը հաջող լինի, մենք կփորձենք այն դարձնել ամենամյա: Եվ միջոցառումն, անշուշտ, կհրապարակվի մեր կայքում», - ավելացրեց Մայք Բարոնյանը:

Հուլիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ «Նորարարության օր» ամենամյա համաժողովի բացման արարողությունը, որը նախաձեռնել էին Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան հետ համատեղ: Մասնակցում էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ հեռավար կապով, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը և պալատի խորհրդի քարտուղար, տնօրեն Գոհար Սանֆիլիպոն, ինչպես նաև ինովացիոն ապրանքներ արտադրող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովը կտևի երեք օր՝ հուլիսի 26-28-ը: Ընդհանուր առմամբ, համաժողովին կմասնակցի հայկական 30 ընկերություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]