Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նոր գիրք»-21/21. Հրատարակություններ մարդու, կյանքի, սպորտի մասին  

«Նոր գիրք»-21/21. Հրատարակություններ մարդու, կյանքի, սպորտի մասին
 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր: 

Հայ հեղինակ
Մհեր Իսրայելյան, «Մեն ու միակ մոլորակ» 

Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի պատմվածքները մարդու մասին են։ Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնությունն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը։ Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, մեր սիրո ու նվիրումի մոլորակը։ Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը՝ այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: 

Մանկապատանեկան գրականություն 
Աստրիդ Լինդգրեն, «Կեցցե՛ լյոնեբերգացի Էմիլը» 

Մեր սիրելի հերոսների շարքում արդեն հայտնված այս չարաճճի տղան, որն ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ, սկսում է դպրոց հաճախել։ Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլին երկնքում տեղ կտան միայն այն դեպքում, եթե կայծակ անելու համար հանկարծ օգնության կարիք ունենան։ Այս վիպակում Էմիլը մի քանի խելացնոր գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում, հազար երկու հարյուր խեցգետին բռնում, իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ վիպակի վերջում մի այնպիսի հերոսություն անում հանուն իր սիրելի ընկերոջ, որ Լինան և բոլոր լյոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքը։ Թարգմանությունը շվեդերենից` Աշխեն Բախչինյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Ժան-Ֆիլիպ և Պատրիկ Ֆոր, «Զիդան. երկու կյանք»

Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։

Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։ Թարգմանիչներն են Անահիտ Մեսրոպյանը, Սերգեյ Մկրտչյանը, խմբագիրը՝ Արմեն Ամիրխանյանը: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը: 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]