Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ն իրականացնում է տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու ծրագիր

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ն իրականացնում է տարեցների կյանքի որակը 
ռոբոտի օգնությամբ բարելավելու ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ Նորքի տուն-ինտերնատում իրականացնում է Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունից, մայիսի 25-ին մեկնարկած ծրագրի տևողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրը Ռոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում է ունենում: Շահառուների հետ Ռոբինը շփվում և զրուցում է՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ շփումն ուղեկցվում է նաև ինտելեկտուալ խաղերով, տարեցների նախընտրած երաժշության ունկնդրմամբ, սիրված ֆիլմերից հարցախույզերով, գրականության ու արվեստի մասին ու եղանակի շուրջ զրույցներով:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի ընթացքին հետևելու հուլիսին Երևան են ժամանել նախագծի հեղինակ, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ներկայացուցիչներ Լինդա Եփոյանը և Նառա Մելիքյանը։ Նրանք շրջել են հաստատությունում, ներկա եղել Ռոբին ռոբոտի հետ Նորքի բնակիչների հանդիպմանն ու շփմանը:

«Այս աննախադեպ նախագիծն արդեն ցույց է տալիս, թե բուժման նորարարական եղանակները, ինչպիսին ռոբոտի միջամտությունն է, որքան արդյունավետ են տարեցների և նեյրոդեգեներատիվ խնդիրներ ունեցող մարդկանց կյանքում դրական փոփոխություն մտցնելու գործում: Ռոբին ռոբոտը մեծ հավանության է արժանացել հետազոտության բոլոր մասնակիցների կողմից: Իսկապես տպավորված եմ, երբ տեսնում եմ, որ հետազոտության ընթացքում դեպրեսիայի և անհանգստության զգացումներն ավելի քիչ են դրսևորվում, և նկատելի է ճանաչողության բարելավում»,-ասել է բժիշկ Ջեյն Մահակյանը՝

Կազմակերպության գնահատմամբ՝ կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների և իմացական գործընթացների վրա:

«Շատ ուրախ ենք տեսնել, որ այս կարճ ժամանակահատվածում Ռոբինը կարողացել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հոգեվիճակի ու ճանաչողական գործընթացների վրա դրական ազդեցություն ունենալ: Հաշվի առնելով ապացույցների վրա հիմնված միջամտությունները՝ մենք արդեն կարող ենք տեսնել տարեցների շրջանում բարելավված ճանաչողական ունակություններ, դեպրեսիայի դրսևորումների նվազման միտումներ, քնի կարգավորման առումով դրական տեղաշարժեր, և, իհարկե, կյանքի որակի բարձրացում»,-նշել է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանը:

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ից հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում:

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահակյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում Ալցհայմերի հիվանդության մասին հանրային  իրազեկման մակարդակն ու ստեղծել շարունակական ծրագրեր և ծառայություններ Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց, նրանց խնամատարների և ընտանիքների համար: Բժիշկ Ջեյնը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի և իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված  ծրագրերի առաջամարտիկներից է: Նրա հեղինակած՝ «Ես լսում եմ քեզ» գիրքը գործնական ուղեցույց է այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող իրենց հարազատի մասին և աջակցում է նպատակային կյանքին ու ապահովում է անկախությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]