Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համալրվել է բացառիկ սարքավորումներով

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համալրվել է բացառիկ սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համալրվել է հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար նախատեսված բարձրակարգ սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ աշխատել և ոլորտում նորանոր հաջողություններ գրանցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սարքավորումները ձեռք են բերվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)-ի աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում:

ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ի սրտե շնորհավորեց ներկաներին հրաշալի ձեռքբերման համար: «Կարծում եմ՝ հարուստ ժառանգություն, հնագիտական շերտեր ու արժեքներ ունենալը հպարտություն լինելուց զատ պատասխանատվություն է: 21-րդ դարում արժեքների հանդեպ վերաբերմունքի, արժեքների հանդեպ հարգանքի մասին առանց 21-րդ դարի գործիքակազմին, բարձր տեխնոլոգիաներին, սարքավորումներին տիրապետելու խոսելը, մնում է միայն հռչակագրի մակարդակում: Հայաստանի և Ճապոնիայի գիտական, մշակութային, կրթական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, և շատ հուզիչ է, երբ այս նվիրատվության յուրաքանչյուր արկղի վրա գրված է. «Ճապոնիայի ժողովրդի կողմից»: Մենք իսկապես այս ամենն ընկալում ենք որպես հնագույն քաղաքակրթություն և մշակույթ ունեցող ժողովրդի կողմից մեծ նվեր հայ ժողովրդին. միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը»,-շեշտեց Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են սարքավորումների ձեռքբերման գործում:

Խզմալյանը շեշտեց՝ շատ կցանկանան Ճապոնիայի հետ մասնագետների վերապատրաստման համատեղ ծրագրեր մշակել, որովհետև նման սարքավորումներին տիրապետելու համար անհրաժեշտ է մշտապես կատարելագործել իմացությունը:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն էլ ընդգծեց, որ վերականգնման սարքերը մեծապես նպաստելու են հնագիտական աշխատանքների կազմակերպմանը: Նա շեշտեց, որ Հայաստանում նման սարքավորումներ միայն իրենց ՊՈԱԿ-ն ունի, և իրենք պատրաստ են համագործակցել հնագետ գործընկերների, կազմակերպությունների հետ:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ելույթ ունեցավ հայերեն՝ նշելով, որ ծրագիրը կնպաստի աջակցելու Հայաստանի ապագա սերունդների համար զգալի մշակութային ժառանգության պահպանմանն ու անցյալից դեպի ապագա տանող  կամուրջի ստեղծմանն ուղղված ջանքերին: Նա ասաց՝ Ճապոնիան և Հայաստանն ունեն դարավոր պատմություն ու հարուստ ավանդույթներ, որոնք պետք է պահպանել:

Դեսպանը հույս ունի, որ այս ծրագիրն առավել կամրապնդի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն էլ հիշեցրեց, որ ՊՈԱԿ-ը վերականգնման և պահպանման սարքավորումների կատարելագործման համար դիմում-հայտ էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը: Երբ գործակալության անձնակազմը և ճապոնացի փորձագետներն այցելել են Հայաստան իրավիճակին ծանոթանալու համար, նրանց ներկայացվել են փաստեր, որոնք մատնանշել են ծրագրի անհրաժեշտությունն ու կարևորությունը:

«Տեսանք հսկայական քանակությամբ մշակութային ժառանգություն, որը մեզ է հասել  դարերի խորքից: Ակնհայտ էր՝ եթե Պատմամշակութային ժառանգության հետազոտական կենտրոնը չվերականգնի և չպահպանի դրանք, այդ ժառանգությունը կարող է անվերադարձ կորչել, հետևաբար այդ ժառանգության վերականգնումն ու պահպանումը ապագա սերնդի համար մեր սերնդի խիստ պարտականությունն է, և մենք պատիվ ունենք նպաստելու այդպիսի առաքելության իրականացմանը»,-շեշտեց Էջիրի Յուկիհիկոն:

Հնագետ, պատմաբան, հայագետ, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանն էլ պատմեց, որ ծրագիրը մտածվել է դեռևս 2014 թվականին: «Բազմիցս ճապոնացի մասնագետները եկել են, նայել են, տեսել են այն վիթխարի հարստությունը, որը կուտակված է հնագիտության ֆոնդում և իրենց իսկ նախաձեռնությամբ  250 000 դոլարի փոխարեն նվիրաբերել են 630 հազար դոլարի սարքավորում: Այսուհետ հնագիտական գտածոները կարող ենք լավագույն ժամանակակից մեթոդներով վերականգնել: Խոսքը մետաղի,  ապակու, խեցեղենի և այլ  գտածոների մասին է: Երբ մանրադիտակներով նայում ենք գտածոները, տեսնում ենք զարդերի և գրությունների հետքեր, որոնք անզեն աչքով հնարավոր չէ նկատել: Այս սարքավորումներով կարելի է բարձրորակ լուսանկարներ անել և հրատարակել: Այն, ինչ հիմա ունենք, տարածաշրջանում լավագույն լաբորատորիաներից մեկն է, որը նախատեսված է մեր պատմամշակութային ժառանգությունը բարձրացնելու, վերականգնելու և հասարակությանը մատուցելու համար»,-հավաստիացրեց հնագետը:

Հակոբ Սիմոնյանի խոսքով՝ գտածոները հանձնում են հնագիտություն ֆոնդ, հետո՝ վերականգնման լաբորատորիա, այդտեղից գրչանկարիչներին են տրվում և վերջում ունենում ենք ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան  հրատարակված հոդվածներ, և Հայաստանի անունը գիտական մակարդակով էականորեն բարձրանում է:

Սիմոնյանն անդրադարձավ նաև սարքավորումների շնորհիվ մասնագետների անվտանգ աշխատանքին՝ ասելով, որ նախկինում գտածոները ձեռքով են մաքրել կամ փոշեկուլի միջոցով, իսկ հիմա գերհզոր սարքերը միանգամից կանեն այդ գործառույթը և չեն վնասի մասնագետների առողջությանը: «Քիմիական բոլոր նյութերը, որոնց արտահոսքը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, այժմ կպահվեն հատուկ պահարաններում, որոնք հզոր շարժիչով են»,-նշեց հնագետն ու հավելեց, որ այժմ աշխատելու են հիանալի պայմաններում և անպայման համագործակցելու են տարբեր թանգարանների հետ:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]