Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեր, հումոր, դառնություն. Գուրամ Դոչանաշվիլիի սիրված պատմվածքը թարգմանվել է հայերեն

Սեր, հումոր, դառնություն. Գուրամ Դոչանաշվիլիի սիրված պատմվածքը թարգմանվել է հայերեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցողներն այսուհետ կարող են հայերեն կարդալ վրաց գրող Գուրամ Դոչանաշվիլիի «Մարդը, որը շատ էր սիրում գրականություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 21-ին Հայաստանի գրողների միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ սերտ հարաբերություններ ունեն Վրաստանի գրողների միության հետ. հատկապես մինչ համավարակը հաճախ են մասնակցել գրական հանդիսությունների, գրքերի շնորհանդեսների և մի շարք այլ միջոցառումների:

Խոսելով Գուրամ Դոչանաշվիլիի գրականության մասին՝ Միլիտոնյանն ասաց, որ հեղինակը գրական աշխարհ է մուտք գործել 1970-80-ական թվականներին: «Նրա գրականությունը համեմված է Խորհրդայի Միության բացերի, թերությունների դեմ պայքարի ոգով: Այս գիրքը ևս այդպիսին է: Դրան գումարվում է նաև վրացու հումորը, որն ինձ համար շատ սիրելի է: Թվացյալ լուրջ տեքստում հումորն ասես սառույցի տակ ջուր լինի, որը միշտ խաղում է և դրանով մշտապես հմայում է ընթերցողին»,-նշեց միության նախագահը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Գիորգի Սագանելիձեն: Նա ընդգծեց՝ երջանիկ է, որ հնարավորություն ունի վրացի դասական գրողի շեդեվրը ներկայացնել Հայաստանում:

«Ցավոք, պարոն Դոչանաշվիլին այս տարի մահացավ. եթե կենդանի լիներ, անպայման ներկա կլիներ այս միջոցառմանը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թարգմանիչներ Գելա Գելաշվիլիին և Ջեննի Թամարյանին: Սա  հայ ընթերցողի համար հրաշալի հնարավորություն է ծանոթանալու այս հրաշալի պատմվածքին: Ինչպես ասում է հեղինակը, մեզ բոլորիս սպասվում է շատ մեծ երջանկություն»,-նշեց Սագանելիձեն:

Դեսպանի խոսքով՝ Վրաստանում Դոչանաշվիլին համարվում է Սերվանտեսի հետևորդ, և նրա ստեղծագործություններում նկատվում է Սերվանտեսի ազդեցությունը:

«Նրա գործերը վրաց հասարակությանը շատ մոտ են և զարմանալի չէ, որ նա շատ սիրված է Վրաստանում, և ես վստահ եմ, որ Գոչանաշվիլին նաև հայ ընթերցողի սրտում կմնա»,-շեշտեց Սագանելիձեն և հավելեց, որ համամիտ է Դոչանաշվիլիի այն գաղափարի հետ, որ վատ արարքի համար մարդկանց պատժելու միջոց կարող է լինել նրանց  գրադարաններում փակելը:

«Մարդը, որը շատ էր սիրում գրականություն» գրքի թարգմանիչներն են Գելա Գելաշվիլին և Ջեննի Թամարյանը, խմբագիրը Գայանե Գևորգյանն է, նկարիչը՝ Քեթևան Կոբախիձեն: Գիրքը տպագրվել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ֆինանսավորմամբ:

Գուրամ Դոչանաշվիլին, որը հայտնի է իր 1970-ական թվականներին գրված կարճ պատմություններով, որպես գրող իր նորամուտը նշել է  1961 թվականին։ Նրա պատմությունների և նովելների շնորհիվ արժանացել է բազում մրցանակների:

Դոչանաշվիլու  ստեղծագործությունների հիմնական թեմաներն են սերը, բարությունը, չարի դեմ արդար պայքարը և ձգտումը դեպի ազատություն, մարդկանց թույլ կողմերն ու ամենօրյա պարզ երջանկությունը, ստեղծագործական ճանապարհին հայտնվելու բարդություններն ու դժվարությունները, մարդկային հաղթանակներն ու պարտությունները: Ուշադրության է արժանի հատկապես հեղինակի եզակի ու անկրկնելի լեզուն և տարբերվող հումորը, որով նա փոխանցում է դառը իրականությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]