Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքում անցկացվեց բարբառների մարզային մրցույթ-փառատոն

Գեղարքունիքում անցկացվեց բարբառների մարզային մրցույթ-փառատոն

 ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետարանն արդեն տասնմեկ տարի անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով բարբառների մարզային մրցույթ-փառատոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Փառատոնը մեկնարկել էր մայիս ամսին: Անցկացվել էին ներդպրոցական եւ տարածքային փուլերը, իսկ մարզային փուլն անցկացվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 26 հաղթողները: 

Ժյուրիի նախագահը ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էր։ Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազում զոհված հերոսների հիշատակը:
Այնուհետև մասնակիցները հանդես եկան իրենց կատարումներով: Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր,  այն պատմվում էր բացառապես բարբառով: Համարները ներկայացվեցին Բայազետի, Մշո, Ղարաբաղի, Լիճքի, Լճաշենի, Գանձակի, Զագլիկի բարբառներով և խոսվածքներով: Ելույթները տպավորիչ էին, մասնակիցներն անկաշկանդ եւ ոգևորությամբ էին ներկայացնում իրենց համարները:

Մրցույթն ամփոփեց ժյուրիի նախագահ Վիկտոր Կատվալյանը: «Առաջին մրցանակին արժանացավ Գանձակ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Վարսենիկ Ղուրշուդյանը, ով Բայազետի բարբառով ներկայացրեց «Խինն ու թազեն տատիկի հաշկերով» մանրապատումը: Երկրորդ մրցանակին արժանացան Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Սյուզաննա եւ Գոռ Դվոյանները, ովքեր Բայազետի բարբառով ներկայացրին Վ. Կատվալյանի «Մառթը կնիկ» զվարճապատումը: Ժյուրիի որոշմամբ սահմանվեց չորս հատ երրորդ կարգի մրցանակ, որին արժանացան Մարտունու Ս.Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի աշակերտ Զոհրաբ Ստեփանյանը, Վահան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլինա Զարգարյանը, Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Համեստ Կարապետյանը, Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի աշակերտներ Արփինե Աղաջանյանը, Մանվել Ափյանը եւ Կարեն Գյուլումյանը, ովքեր Մարտունու, Ճամբարակի, Բայազետի, Զագլիկի խոսվածքներով ներկայացրին «Իմ հրաշք» պատմությունը, հատված Հ. Մաթեւոսյանի «Աշնան արեւ» պատմվածքից, Վ. Կատվալյանի «Մեր վախտ հուրիշ էր..» զվարճապատումը,  «Չալ հավի բախտը» մանրապատումը: Մրցույթն ամփոփելուց հետո Վիկտոր Կատվալյանն անցկացրեց վարպետաց դաս:
Փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրեր, իսկ «Վորդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Գավառի ՏԾ գրասենյակի կողմից՝ հուշանվերներ»,- նշեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am