Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ Ռոբերտ Քոչարյանի որոշման մասին դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

«Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու: Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածու»,-նշել է Քոչարյանը:

Նա շեշտել է՝ միեւնույն ժամանակ, Ազգային ժողով իր չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ «Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-եզրափակել է Քոչարյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]