Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Դասարան+դասական» ծրագիրը կամրապնդի դպրոց-թատրոն կապը. մեկնարկել է նախագծի հերթական փուլը

«Դասարան+դասական» ծրագիրը կամրապնդի դպրոց-թատրոն կապը. մեկնարկել է 
նախագծի հերթական փուլը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոց-թատրոն կապն ամրապնդելու նպատակով հուլիսի 19-31-ը Մայր թատրոնում կանցկացվի «Դասարան+դասական» թատերական կրթական ծրագիրը, որին մասնակցում են հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտներ:

Տասը օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ճանաչելու թատրոն երևույթը, հաղորդակցվելու ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ և բեմադրելու իրենց ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 19-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում ազդարարվեց ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ նշելով, որ աշակերտները մասնակցում են պետական աջակցությամբ իրականացվող ամենահետաքրքիր, գրավիչ, օգտակար կրթական ու մշակութային նախագծերից մեկին: «Դուք հնարավորություն ունեք շփվելու իրենց վաստակով, պրոֆեսիոնալ նկարագրով առանձնացող արվեստագետների հետ, որոնք փորձելու են ձեզ փոխանցել այն բանալիները, որով  ընկալելու եք այն չափազանց բարդ ոլորտը, որը կոչվում է բեմական արվեստ, թատրոն»,- շեշտեց փոխնախարարը:

Արա Խզմալյանի խոսքով՝ իրենք նպատակ չունեն անել այնպես, որ ծրագրի բոլոր մասնակիցները դառնան դերասաններ, ռեժիսորներ կամ որոշեն ընդունվել Թատերական ինստիտուտ: «Մենք ցանկանում ենք վերափոխել թատրոնի մասին ձեր ընկալումները, թատրոնի նկատմամբ վերաբերմունքը: Ցավոք, տասնամյակներ շարունակ թատրոնի ընկալումը շատ է պարզունակացվել. այն ընկալվում է որպես տնազի միջավայր, որպես զուտ կատակաբանության վայր, բայց իրականում թատրոնը հսկայական գիտություն է, մասնագիտություն, արդյունաբերություն»,-ասաց Խզմալյանը:

Նա վստահեցրեց, որ վարպետները կկարողանան ամենակարևորը փոխանցել մասնակիցներին. կսովորեցնեն լինել հետաքրքիր, ինչը բեմական արվեստն է, դերասանի արվեստն է:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ընդգծեց՝ անկախ այն բանից, թե ինչ մասնագետ կդառնան, հետաքրքիր լինելու արվեստը հաջողության հասնելու գրավականն է:

Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ հիշեցրեց, որ թատրոնը «Դասարան+դասական» ծրագիրը նախաձեռնել է 2019 թվականին: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նշելով, որ վերջինս մշտապես աջակցել է ծրագրի իրականացմանը:

 «Երեք տարվա ընթացքում մենք լուրջ ճանապարհ ենք անցել. անցել ենք Հայաստանի այն քաղաքներով, որոնցում կան թատրոններ, և թատրոնը դարձել է տվյալ քաղաքի վրա նոր լույս սփռող կարևոր օղակը: Այսօր ծրագիրն արդեն ճյուղավորվում է, և առաջին ճյուղը պետք է լիներ դերասանի արվեստը, և մենք այս տարի կկենտրոնանանք հենց դրա վրա: Շատ ուրախ եմ, որ իմ տաղանդավոր և պրոֆեսիոնալ ընկերները համաձայնեցին միանալ նախաձեռնությանը»,- ասաց Մկրտչյանն ու հավելեց, որ մասնակիցները կբաժանվեն խմբերի, կաշխատեն մասնագետների հետ և  վերջում կվայելեն ներկայացումները, որոնք պատրաստել են ծրագիր մասնակիցներն իրենց վարպետների հետ:

Բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, որն աշխատելու է ծրագրի մասնակիցների հետ, նշեց, որ նախաձեռնությունը շատ է օգնում մասնագիտական կողմնորոշման գործում: Ըստ Հակոբյանի՝ նախորդ տարիներին հետաքրքիր արդյունքների են հասել: «Երեխաները կապվել են թատրոնին. գալիս են թատրոն, ներկայացում են նայում, հետո՝ մյուս թատրոն և այլն: Մենք խնդիր չունենք անել այնպես, որ բոլորը դերասաններ դառնան, իսկ եթե դառնան, կօգնենք: Այս փուլին ավագ դպրոցների երեխաներն են, որոնց մեծ մասը գալիս է հասկանալու՝ ցանկանո՞ւմ է թատերական արվեստով զբաղվել, թե՞ ոչ: Մի մասը հստակ գիտի, որ ուզում է այս արվեստին նվիրվել, մի մասն էլ թատրոնին վերաբերում է որպես երկրորդ մասնագիտության կամ նախասիրության:  Մեր սերունդը վստահ էր՝ եթե դերասան է դառնալու, ամեն ինչ լավ կլինի, իսկ այս սերունդը հասկանում է՝ եթե վատ դերասան է, հայտնի չի դառնալու,  լավ չի ապրելու, ուստի ուզում է որպես հոբբի վերաբերվել դրան»,- ասաց Հակոբյանը:

Նրա հավաստիացմամբ շատ հետաքրքիր, ինքնատիպ երեխաներ են համախմբվել ծրագրի շուրջ, որոնք ինքնուրույն  են, համարձակ, ազատ են բարդույթներից:

Մասնակիցներից Մարգարիտա Եգոյանցը, որը «Հայ ասպետ» դպրոցից է, նշեց, որ ցանկանում է իրավաբան դառնալ, սակայն սիրում է թատրոնն ու հրապուրված է նրանով: «Այս նախաձեռնության մասին տեղեկացել եմ «Ֆեյսբուքի» միջոցով: Առաջին փուլում պետք է մոտիվացիոն նամակ գրեինք ու ասեինք, թե ինչպես ենք պատկերացնում թատրոնն ու ինչ ակնկալիքներ ունենք: Սովորելու ենք դերասանի վարպետություն և ծրագրի ավարտին ներկայացում ենք բեմադրելու»,-տեղեկացրեց Մարգարիտան:

Նա եղել է բազմաթիվ թատրոններում, դիտել է տարբեր ներկայացումներ, սակայն նրան հատկապես տպավորել է «Սասնա ծռեր» բեմադրությունը, որը դիտել է Մայր թատրոնում: Մարգարիտան այն հայրենասիրական է համարում ու նշում՝ կարևոր է, որ հստակ պատկերացնում ես ամբողջ էպոսը:

«Դասարան+դասական» երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշակերտները կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների ղեկավարությամբ, կունենան բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր։ Հուլիսի 31-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։  

Մենթորներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյանը, դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը։

«Դասարան+դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Այն նպատակ ունի ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնելու թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին։ Համավարակի ժամանակ ծրագիրն ունեցել է երկու առցանց փուլ։ 2021 թվականին ծրագիրը թեմատիկ հենք է ընտրել դերասանի վարպետությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]