Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նոր գիրք»-20/21. Նոր գրքեր՝ ամռանն ընթերցելու համար

«Նոր գիրք»-20/21. Նոր գրքեր՝ ամռանն ընթերցելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Նարինե Աբգարյան, «Սիմոն»

Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ:

Սա է պատճառը, որ թաղմանը հանդիպում են նրա սիրելի կանայք՝ պճնված Սև-Մուշեղանց Սոֆյան, Ամերիկայից որդիների ուղարկած հագուստով Թևոսանց Էլիզան, քիթը տնկած Բոչկանց Սուսաննան, դստերը Ռուսաստանում բարեհաջող ամուսնացրած Որբևայրի Սիլվան և, իհարկե, Սիմոնի օրինական կինը՝ Մելանյան, որը տարիներ շարունակ համբերատար դիմացել էր ամուսնու սիրառատ բնավորությանը:

Այս բոլոր կանայք շատ տարբեր են, բայց շուտով պարզ է դառնում, որ նրանց ավելի շատ բան է միավորում, քան ուղղակի նույն տղամարդուն սիրելը, և որ յուրաքանչյուրի համար Սիմոնի հետ հանդիպումը բախտորոշ է եղել:

Թարգմանիչ՝ Նաիրա Խաչատրյան, խմբագիր՝ Մարգարիտ  Սարգսյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Մանկապատանեկան գրականություն
Ջ.Ք., «Քվիդիչ. մի խաղի պատմություն»

Ջ.Ք. Ռոուլինգի «Քվիդիչ. մի խաղի պատմություն» գիրքը նվիրված է կախարդ աշխարհի մենատարածված և ամենասիրված մարզաձևին: Աշխատությունն ամփոփում է քվիդիչի ստեղծման ու զարգացման պատմությունը, տարածվածությունը տարբեր աշխարհամասերում, խաղի կանոններն ու խաղացողների գործառույթները: Գիրքը համեմված է զավեշտական դրվագներով ու սրամիտ մեկնաբանություններով:

Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները` Տոմիսլավ Տոմիչիի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Աննա Բիկովա, «Ինքնուրույն երեխա կամ ինչպես դառնալ «թամբալ մամա»

«Ես թամբալ մամա եմ» հոդվածը տպագրվել է մի քանի տարի առաջ, ու մինչ օրս պտտվում է համացանցում: Այն շրջել է ծնողական բոլոր ֆորումներում, բուռն քննարկումների ու վեճերի առիթ դարձել: Պարզվում է՝ այսօր շատերին է անհանգստացնում երեխաների ինքնուրույնության ու երիտասարդ սերնդի ինֆանտիլության խնդիրը: Մանկական ու ընտանեկան հոգեբան Աննա Բիկովան առաջարկում է հարցի լուծման իր տեսակետը: Պայմաններ են պետք, որպեսզի ձեր երեխան ինքնուրույն դառնա: Նա երբեք ինքնուրույն չի լինի, եթե դուք միշտ հուշեք, օգնեք, խորհուրդ տաք: Պետք է ընդամենը պարբերաբար «թամբալ մայրիկին» միացնել՝ գիտակցելով, որ դա ի շահ երեխայի է:

Թարգմանիչ՝ Հռիփսիմե Մադոյան, խմբագիր՝ Անժելա Ավագյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]