1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-19/21. Չորս հրատարակչությունների նոր գրքերը

«Նոր գիրք»-19/21. Չորս հրատարակչությունների նոր գրքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 
Հայ հեղինակ
Դավիթ Սամվելյան, «Հայելապատում»

Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 

 

Թարգմանական գրականություն
Մայքլ Քանինգհեմ, «Վայրի կարապը և այլ պատումներ»

 

Մայքլ Քանինգհեմի «Վայրի կարապը և այլ պատումներ» ժողովածուն ընդգրկում է տասը գործ՝ նրբագեղ ու բազմաշերտ պոստմոդեռնիստական տեքստեր, որոնք առավելապես հանրահայտ հեքիաթների արքետիպային սյուժեների վերաշարադրանքն են միանգամայն նորովի և անսպասելի մոտեցմամբ: Թարգմանիչ՝ Արմեն Օհանյան, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

 

Մանկական գրականություն
 
Դեն Բրաուն, «Վայրի սիմֆոնիա»

 

Պատրա՞ստ ես խիզախ արկածների: Ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստիկ բզեզների և նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը՝ պախկված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ թաքնված գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ:

Թարգմանությունը` Սերգեյ Սարգսյանի, նկարազարդումները` Սյուզան Բատորիի:

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 

Փաստավավերագրական գրականություն
Միխայիլ Զիգար, «Կրեմլի ամբողջ շքախումբը»

 

Այս գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների շնորհիվ լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը, պարզ է դառնում Վլադիմիր Պուտինի կառավարման տրամաբանությունը։ Գրքում հավաքված են բացառիկ, նախկինում չհրապարակված փաստեր, հարցազրույցներ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտումներ անել Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումների իրական պատճառների մասին։

Թարգմանիչ՝ Դավիթ Սարգսյան, խմբագիր՝ Տաթևիկ Նալբանդյան: Գիրքը լույս է ընծայել Newmag -ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]