Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայաստանն առցանց տաղավարով մասնակցում է Կաննի կինոշուկային

Հայաստանն առցանց տաղավարով մասնակցում է Կաննի կինոշուկային

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնի Marché du Film կինոշուկայի առցանց հարթակում հուլիսի 6-15-ը տաղավարով ներկայանում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։

Հայաստանն այս տարի ընտրել է մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով էլ չափազանց սեղմ ժամկետներում աշխատանքային թիմը պատրաստել է առանձին օնլայն-էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում:

Ըստ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների՝ Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկային կարևոր և պարտադիր է: Սակայն, պայմանավորված երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական ), որոշում է կայացվել  2021-ին  կինոշուկայում ունենալ առցանց ներկայություն:

Marche’ du Film-ում առցանց-էջի տարածքի, օնլայն տաղավարի, օնլայն կատալոգի ֆինանսական ծախսերը հոգացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Marche’ du Film-ի հայկական հարթակը  հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված  մասնագետներին ծանոթանալ հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և օնլայն-հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։

Marche' du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը (տաղավար) միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի  և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջը ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021թթ. Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած և տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն ֆիլմերի ընդարձակ կատալոգ:

Հայկական ֆիլմերի բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև  «Հայկական փառատոններ», «Կինոժառանգություն» և «Հայաստանի տեսարժան վայրեր» բաժինները:
Կինոշուկայի համար պատրաստված կատալոգը ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավատարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]