Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բացվեց ռուսական երրորդ կենտրոնը. աշխարհագրությունն ընդլայնվում է

Բացվեց ռուսական երրորդ կենտրոնը. աշխարհագրությունն ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական դարավոր բարեկամական կապերն ամրապնդելու, Հայաստանում ռուսաց լեզվի, մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու առաքելությամբ «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Արմավիրի մշակույթի տանը բացվեց «Ռուսական կենտրոնը»: Կենտրոնը գրականության, արվեստի մասին քննարկումների, կինոդիտումների միջոցով կհամախմբի երիտասարդությանը և նրանց համար կրթական ժամանց կապահովի:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին մի խումբ պետական այրեր, տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Հյուրերին աղ ու հացով, երգ ու պարով դիմավորեցին «Արմավիր» պարային համույթի սաները:

«Կարծում եմ՝ նման կենտրոնների հիմնական նպատակը մեր ժողովուրդների միջև կապերի ամրապնդումն է: Իհարկե, այդ կապերը խորը և հարուստ արմատներ, պատմություն ունեն, և մեզ շատ բան է միավորում թե՛ պետական, թե՛ միջանձնային հարաբերություններում, բայց շատ կարևոր է, որ Հայաստանի մարզերում, քաղաքներում լինեն վայրեր, որտեղ կարող են այցելել երիտասարդներն ու ծանոթանալ այսօրվա Ռուսաստանին, երկրի մշակույթին, պատմությանը: Նշանակալի գործոններից է նաև ռուսաց լեզվի ուսուցման համար պայմանների ստեղծումը»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորեց բոլորին կենտրոնի բացման առթիվ և հիշեցրեց, որ ռուսաստանյան կենտրոններ կան Երևանում, Վանաձորում:

«Ռուսաց լեզվի իմացությունը, որը կենտրոնի հիմնական կարևոր գործառույթներից է, ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև ինքնակատարելագործման ճանապարհ, ճանապարհ դեպի բարձրագույն պոեզիա, գրականություն, մշակույթ, և ես շատ ուրախ եմ, որ դեպի այդ մշակույթը տանող նոր հնարավորություններ ենք ստեղծում»,- եզրափակեց Խզմալյանը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ սա իր գործընկերների առաջին այցը չէ Արմավիր: Մեկ տարին դեռ չի բոլորել, որ «Մոսկվայի տուն» կենտրոնի հետ համագործակցության մի քանի հուշագիր են ստորագրել: «Մարզի երկու քաղաքներում ունենք կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր, որոնք իրականացնում ենք գործընկերների օգնությամբ, դպրոցներում ևս միջոցառումներ ենք կազմակերպում: Ողջունում եմ նաև այս նախաձեռնությունը»,- շեշտեց մարզպետը:

«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ առաջին ռուսական կենտրոնը բացել են Երևանում՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:  «Ռուսական կենտրոնը նախ և առաջ ենթադրում է ռուսաց լեզվի  անվճար ուսուցում,  Ռուսաստանի պատմության, մշակույթի ուսումնասիրում: Այստեղ տարբեր միջոցառումներ են անցկացվելու, քննարկումներ: Այսօր Հայաստանում երեք ռուսաստանյան կենտրոն ունենք, 15 քաղաքում ռուսաց լեզվի անվճար դասընթացներ են գործում, որոնց մասնակցում է 250 երեխա, և այս  գործընթացը շարունակական է լինելու, իսկ աշխարհագրությունն ընդլայնվելու է»,- տեղեկացրեց Կարապետյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ կենտրոնի բացումն իրականություն է դարձել, և հավելեց, որ այս հարթակը օգնություն է այն  երեխաներին, որոնք ցանկանում են ռուսերեն սովորել: Դասերի մասնակիցները ռուսաց լեզուն յուրացնում են ոչ թե դպրոցական ծրագրով, այլ խաղերի, դիդակտիկ և այլ մեթոդների կիրառմամբ:

 Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և ամենատարբեր ոլորտներում բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին: Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ:

Միջոցառման շրջանակում ռուսերենի անվճար դասընթացի նախորդ շրջափուլի մասնակիցներն ստացան երկամսյա կուրսերն ավարտելու սերտիֆիկատներ: Նրանք հանդես եկան բաց դասով, որին մասնակցեցին բոլոր հյուրերը:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]