Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Լճաշեն համայնքում տեղի կունենան «Լճաշենը դարերի հոլովույթում» խորագրով եռօրյա միջոցառումներ

Լճաշեն համայնքում տեղի կունենան «Լճաշենը դարերի հոլովույթում» խորագրով եռօրյա 
միջոցառումներ

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։  Հուլիսի 2-ից Լճաշեն համայնքում մեկնարկել է «Լճաշենը դարերի հոլովույթում» խորագրով եռօրյա միջոցառումների շարք, որի նպատակն է` հայաստանյան լայն հանրությանը ներկայացնելու Լճաշենի գիտական ու զբոսաշրջային պոտենցիալը՝ դառնալու օտարերկրյա եւ տեղացի զբոսաշրջիկների հանգստի եւ ակտիվ ժամանցի համար նոր, տարբերվող եւ հետաքրքիր ուղղություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լճաշենի համայնքապետարանից, ծրագիրն իրականացվում է «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ-ի «Նորարարություն հանուն փոփոխության» Հայաստան ծրագրի ենթադրամաշնորհով՝ Թայդս կենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի գործընկերներն են «Էթիունի մոռացված թագավորություն» հյուրատունը, «Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Առաջին անգամ Հայաստանում ՏԻՄ-ը, հասարակական կազմակերպությունները, գիտական հաստատությունը, թանգարանը եւ մասնավոր սեկտորը համագործակցում են՝ ի նպաստ համայնքի բացառիկ ու ֆենոմենալ պատմամշակութային ժառանգության գիտականորեն վերարժեւորման ու հանրահռչակման եւ դրա միջոցով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման։

Միջոցառման մեկնարկի արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով ողջունեց նախաձեռնության հեղինակներին եւ աջակիցներին ` Լճաշեն համայնքում իր նախադեպը չունեցող միջոցառումների շարք կազմակերպելու եւ անցկացնելու համար, հույս հայտնելով, որ այս կարգի միջոցառումները ունեն կրթադաստիարակչական մեծ նշանակություն եւ լուրջ խթան կարող են հանդիսանալ Լճաշենում զբոսաշրջության զարգացման գործում:

Իրականացվող եռօրյա միջոցառումների ընթացքում գիտնականների եւ համայնքի բնակիչների մասնակցությամբ տեղի կունենան քննարկումներ՝ համայնքի զբոսաշրջային ռազմավարության տեսլականի մշակում, արշավներ հնագիտական հուշարձանների եւ համայնքի սրբազան վայրերով՝ մասնակցելով պեղումների եւ փնտրելով գտնված վիշապաքարի 2-դ կեսը։ Միջոցառումների հիմնական առանցքը գիտաժողովի իրականացումն է, որի ընթացքում կներկայացվի Լճաշեն հնագիտական հուշարձանի վերաբերյալ 17 գիտական զեկույց, որոնք հետագայում կտպագրվեն գիտական հոդվածների ժողովածուի տեսքով՝ մեկտեղելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ու բացառիկ հնավայրի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները մեկ գրքում։

«Լճաշենը դարերի հոլովույթում» խորագրով եռօրյա միջոցառման մեկնարկի օրը Լճաշեն համայնքի ավագանու որոշմամբ , գիտաժողովի ընթացքում, Լճաշենի Պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել հնագետ , պատմական գիտությունների թեկնածու, Լճաշենում բազմաթիվ պեղումների հեղինակ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լևոն Պետրոսյանին: Անդրադառնալով օրվա խորհրդին` Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարեւորեց Լճաշենում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության, դրանց ուղղությամբ պետական հոգածության եւ համայնքում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հարցերին:

«Որքան էլ մենք ձգտենք մեր համայնքներում զարգացնել զբոսաշրջությունը, առանց ենթակառուցվածքների զարգացման դա դժվար կլինի: Այս համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրները գտնվում են մեր՝ ի դեմս երկրի վարչապետի, ուշադրության կենտրոնում: Եվ այդ նպատակներին հասնելու համար մենք արդեն մի քանի տարի է , ինչ Լճաշեն համայնքում իրականացրել եւ շարունակում ենք կյանքի կոչել նաեւ դեպի Կիկլոպյան ամրոցներ ու դամբարանադաշտեր տանող ճանապարհների հիմնանորոգման ծրագրերը։ Լճաշենում հնագիտական խոշոր ու կարեւոր հուշարձաններ կան, որոնք կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ համաշխարհային հնագիտության մեջ։ Ես համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կհասնենք նրան, որ Լճաշենը կդառնա հնագիտական տուրիզմի ամենանշանավոր վայրը,միաժամանակ հայ եւ համաշխարհային հնագիտական միտքը այստեղ կհայտնաբերեն հնագիտական ու պատմամշակութային նորանոր արժեքներ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

 «Լճաշենի Ֆենոմենը» խորագրով բազմաբովանդակ միջոցառումների շարքը կշարունակվի նաև հուլիսի 3-ին և 4-ին։

Խոսրով Խլղաթյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]