Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» կնպաստի բիզնեսի ընդլայնմանը, կայացմանն ու շարունակական աճին. Դավիթ Փափազյան

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» կնպաստի բիզնեսի 
ընդլայնմանը, կայացմանն ու շարունակական աճին. Դավիթ Փափազյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու նպատակով 2019 թվականին հիմնադրվեց ANIF-ը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Չնայած գործունեության կարճ ու դժվարին ժամանակահատվածին՝ ANIF-ն արդեն իրականացրել է մի շարք ներդրումային ծրագրեր տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։ Կառույցի գործունեության նպատակի և կարևորության, իրականացված ծրագրերի ու առաջիկա նախագծերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ։ 

-Պարոն Փափազյան, պատմեք՝ ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ ANIF-ին միանալու գաղափարը։ Ո՞րն է ANIF -ի առաքելությունը։

-2018 թվականից Հայաստանի ներդրումային միջավայրի ակտիվացման, վերակառուցման, ինչ-որ առումներով նաև զրոյից կառուցման կարևոր խնդիր ունեինք լուծելու։ 

Մինչ ANIF-ի հիմնումը, չկար այնպիսի միջանկյալ կառույց, որը կգործեր ելնելով պետության շահերից, միևնույն ժամանակ կլիներ բիզնեսի կողքին, և, լինելով նաև բաժնետեր՝ կկարողանար էականորեն բարձրացնել բիզնեսի նշաձողը։ Այսպիսով, այդ նպատակով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն։ 

Ըստ էության՝ ANIF-ի առաքելությունն ու գործունեության տեսլականը բավականին պարզ են. օտարերկրյա ներդրումների ներգրավում և Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարում։ 

-Խոսենք հակաճգնաժամային ֆոնդի մասին։

-Ֆոնդը ստեղծվեց մոտ մեկ տարի առաջ, իսկ ներդրումներ իրականացնելը հնարավոր դարձավ սկսած անցած տարվա նոյեմբեր ամսից։

Մենք համաֆինանսավորման եղանակով իրականացնում ենք ներդրումներ ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող ծրագրերի իրականացման համար, աջակցում ենք առևտրային բանկերից և միջազգային ֆինանսական կառույցներից հավելյալ ֆինանսավորում ներգրավելու հարցում: Իսկ վերջնական նպատակն է օգնել բիզնեսին հասնել գործունեության նոր մակարդակի։ 

Ներդրումների իրականացման վերջնական որոշումը կայացվում է ներդրումային հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են միջազգային ներդրումային գործունեության երկարամյա փորձ ունեցող լավագույն մասնագետներ։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆոնդի և վարկատու ֆինանսական կառույցների տարբերությունը։ 

-Թյուրըմբռնումը հիմնականում կապված է բիզնես միջավայրում նոր մշակույթի ներմուծման հետ, քանի որ ներդրումային ֆոնդերի հետ աշխատանքը մեր երկրում դեռ այնքան էլ տարածված չէ։ Մեզ հետ համագործակցությունը ենթադրում է ներդրում համատեղ ստեղծվող ընկերության կապիտալում, որի արդյունքում տվյալ ձեռնարկությունն աճում ու ընդլայնվում է, մեծացնելով նաև շահութաբերությունը։ Այլ կերպ ասած՝ ANIF-ը դառնում է բիզնես ընտանիքի նոր անդամ և դրանով նպաստում բիզնեսի ընդլայնմանը, կայացմանն ու շարունակական աճին։ 

Ի դեպ՝ նշեմ, որ սկսել ենք փոքր թիմով, կարճ ժամանակահատվածում նախագծերի աճին զուգահեռ թիմն ընդլայնվել է, համալրվել պրոֆեսիոնալներով, միջազգային փորձագետներով ու մասնագետներով։

-Ո՞ր ոլորտներում է ԱՆԻՖ֊ը ներգրավվածություն ունեցել։ Կնշե՞ք մի քանի հաջողված նախագծեր։ 

-Չկա այնպիսի ոլորտ, գործունեության տեսակ կամ ողջամիտ ու օրենսդրությանը համապատասխանող մի նախագիծ, որը մեզ համար հետաքրքրություն չներկայացնի։ Այնուամենայնիվ, մեր ուշադրության կենտրոնում են ՀՀ կառավարության կողմից սահմանված ռազմավարական կարևորության ոլորտները։

Դիտարկում ենք էներգետիկ, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, լոգիստիկայի և ենթակառուցվածքների, ֆինանսական ծառայությունների, առողջապահության, ՏՏ-ի, արդյունաբերության, տուրիզմի ոլորտներում ներդրումային ծրագրերը։ Մենք ունենք փորձառու տնօրենների խորհուրդ և յուրաքանչյուր համագործակցություն դիտարկելիս ուսումնասիրում ենք տվյալ գործարքը, ցանկացած ծրագիր անցնում է խորը վերլուծության, կարիքների և ռիսկերի գնահատման երկարատև գործընթաց, որից հետո միայն ներկայացվում է ներդրումային հանձնաժողովի քննարկմանը։ Յուրաքանչյուր համագործակցություն սկսելիս մենք հաշվի ենք առնում  մի քանի կարևոր գործոն՝ գործընկերոջ փորձը և հեղինակությունը, ոլորտում նշաձողի բարձրացման ներուժը, առևտրային բանկերի և գործընկերոջ հետ աշխատանքի ոճի զարգացման ներուժը, ֆինանսական ակնկալիքները և մասշտաբավորման ներուժը, գործարքի և ծրագրի հետագա «վաճառքի» գործակիցը։

Այս երկու տարվա ընթացքում բավականին լավ արդյունքներ ենք արձանագրել։ Արդեն ունենք էներգետիկ ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը համարվող ընկերության հետ համագործակցության հաջող փորձ։ Առաջին խոշոր ներդրումային ծրագիրը 200 մՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման «Այգ-1» ծրագիրն է, որի հաղթող է ճանաչվել արաբական «Մասդար» ընկերությունը։ Ներդրումային ծրագրի արժեքը մոտ 174 մլն ԱՄՆ դոլար է կազմում, որն ամբողջությամբ ներդրվելու է արաբական ընկերության կողմից։ 

Հակաճգնաժամային ֆոնդի կողմից համաֆինանսավորման ծրագրով հաստատվել են մի շարք գործարքներ առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում։

Երկարաժամկետում նախատեսում ենք նաև Հայաստանից ներդրումներ իրականացնել արտերկրում, որի նպատակն է ANIF-ի միջոցով ավելացնել միջազգային խոշոր ձեռնարկություններում ՀՀ-ի կապիտալի բաժնեմասը, և իհարկե, Հայաստանի Հանրապետությունը դիրքավորել որպես վստահելի, զարգացող և խոշոր ներդրող։ Արտերկրում ներդրումներ իրականացնելիս հաշվի են առնվելու տվյալ երկրի հետ տնտեսական հարաբերությունները, շահերն ու գործընկերային հարաբերությունների հեռանկարային լինելը։

-Տեղյակ ենք, որ շուտով արտահանման կազմակերպման թեմայով նոր ծրագիր ունեք։ Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը։ 


-Այսօր հայկական արտադրության խթանումը և մեր տեղական արտադրանքը միջազգային շուկայում ճանաչելի դարձնելը կարևոր առաքելություն է դարձել։ Այս առումով ANIF-ը ոգևորված է արտահանման զարգացմանն ուղղված ծրագրերում ներգրավված լինելու գաղափարով։ Հայ ձեռնարկատերերի արտահանման ներուժն ընդլայնելու, սպառողական շուկան մեծացնելու նպատակով ANIF֊ը միջազգային փորձագետների մասնակցությամբ սեմինար է կազմակերպում։ Սեմինարի արդյունքում հայ ձեռնարկատերերը հնարավորություն կունենան բացահայտել իրենց արտադրանքի և ծառայությունների առավելությունները շուկայում, ճանաչել իրենց հնարավոր հաճախորդներին և ծանոթանալ նրանց հետ հարաբերությունների արդյունավետ կառավարման գաղտնքիներին, գիտելիքներ ձեռք բերել վաճառքի ընդլայնման և մարքեթինգի ժամանակակից գործիքների ու մոտեցումների վերաբերյալ։

Սեմինարը վարելու են բիզներսի զարգացման փորձագետներ Մայքլ Ռակմանը և Ալեքսեյ Վերետենովը։

Վերջին 25 տարիների ընթացքում Մայքլ Ռակմանն աշխատել է թվով մոտ 30 երկրների բանկերում՝ որպես մանրածախ առևտրի, տեխնոլոգիական ընկերությունների, հեռահաղորդակցությունների և կառավարությունների խորհրդատու:

Մյուս բանախոսը՝ Ալեքսեյ Վերետենովն աշխատել է շուրջ 60 ընկերություններում և մասնակցություն է ունեցել ավելի քան 100 բիզնես նախագծում։ Ալեքսեյը հաջողությամբ մշակել և իրականացրել է մանրածախ և կորպորատիվ ռազմավարության, բիզնեսի վերափոխման կառավարման, ապրանքների և գնագոյացման համակարգերի, կորպորատիվ մշակույթի զարգացման, հաճախորդներին ուղղված վերլուծությունների և հաճախորդների հարաբերությունների կառավարման համակարգերի նախագծեր:

Կարծում ենք, այս սեմինարը հրաշալի հնարավորություն է մեր տեղական արտադրողների ու ձեռնարկությունների համար փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերման տեսանկյունից։  

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]