1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Փափլիկը» ներկայացումն ընդգրկվել է Չեխովի փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում

«Փափլիկը» ներկայացումն ընդգրկվել է Չեխովի փառատոնի խաղաղօվկիանոսյան 
ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հունիսի 26-27-ը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ երկու ամիս առաջ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն ներկայացում» և մի քանի այլ անվանակարգում  «Փափլիկը» բեմադրությունը միության կողմից առաջարկվել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին և անմիջապես ընդգրկվել է ծրագրում։

«Աննախադեպ հաջողությամբ ավարտվեցին ներկայացման երկօրյա ցուցադրությունները։ Փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը ներկայացումն ընդգրկեց այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում: Ուրախ ենք թատրոնի համար, շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նոր հաղթանակներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

«Փափլիկը» պատմում է սուտ և իրական ազգասիրության, կեղծ և անկեղծ բարոյականության, դավաճանության մասին: Համազգային թատրոնի դերասաններն այդ ամենը մատուցում են նուրբ ու սուր հումորով, յուրօրինակ մեկնաբանությամբ, ժամանակակից լուծումներով և դերասանական գունեղ խաղով:

Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է: Ներկայացման մեջ զբաղված են Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը և Ստեփան Ղամբարյանը:

Ռեժիսորը Յուրի Կոստանյանն է, բեմի ձևավորումը և զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի:

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]