Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով ՀՀ-ում գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարներին

Նախագահ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով ՀՀ-ում գտնվող 
Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 25-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին և նրանց ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը։

«Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության առումով դիվանագետները նշել են, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ ցանկանում են տեղեկանալ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին: Զրուցակիցները գագաթնաժողովը կարևոր են համարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խթանման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո քայլերի հստակեցման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Հյուրերը նշել են, որ Եվրամիության համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ այդ հարցում:

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին՝ շեշտելով, որ այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմից նաև հայտնում են, որ մտքեր են փոխանակվել նաև հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրանցից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Հույս է հայտնվել, որ ընտրությունները կնպաստեն երկրում լարվածության թուլացմանը և կայունությանը:

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]