Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ չեն կատարվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, թե ցանկանում է հետպատերազմյան վիճակից անցում կատարել խաղաղության ամրապնդմանը և համագործակցությանը:
«Եթե Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր չունենք, դա նշանակում է, որ չկա նաև խաղաղություն: Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջեւ, այլև Հարավային Կովկասում: Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական ռիսկ: Մեզ պատերազմ պետք չէ»,- ասել է Ալիևը:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին:
Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում