1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վանաձորի թատրոնն 90-ամյակի առթիվ թատերասերների առաջ դռները կբացի երկու առաջնախաղով

Վանաձորի թատրոնն 90-ամյակի առթիվ թատերասերների առաջ դռները կբացի երկու 
առաջնախաղով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի տոնում է հիմնադրման 90-ամայկը: Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես կգա առաջնախաղերով, առցանց նախագծերով և իր պատմությունը կհանրահռչակի բացառիկ նմուշների ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց՝ երկար ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» դրամայի բեմադրման  վրա: Փորձերն ընթանում են, և ներկայացումը բեմ կբարձրանա աշնանը՝ բացելով թատրոնի 90-րդ թատերաշրջանը:

«Սա դասական ստեղծագործություն է: Կարծում եմ՝ հատկապես մեր օրերում այն շատ անհրաժեշտ է և արդիական ուղերձներ ունի: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի գրեթե բոլոր տղամարդ դերասանները և երեք դերասանուհի, ընդգրկվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարդան Գևորգյանը, որը մարմնավորելու է Գագիկ թագավորին»,- նշեց Փելեշյանը:

Ներկայացումը ֆինանսավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Թատրոնը հոբելյանի առթիվ նաև այլ  նախաձեռնություններ կիրականացնի նախարարության հետ համատեղ։

Հոբելյանական է նաև Վինա Դելմարի «Հիշի՛ր վաղվա օրը» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է: Այն նվիրվում է արտիստուհի Ռոզա Մխիթարյանի 90-ամյակին: Այս բեմադրությունը ևս աշնանը կհանձնեն հանդիսատեսի դատին: Գլխավոր դերակատարներն են ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի թե՛ երիտասարդ, թե՛ միջին սերնդի դերասանները:

«Հոկտեմբերին թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Կխաղանք Հովհաննես Թումանյանի «Անուշը», որի բեմադրիչը Վահե Շահվերդյանն է, «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրը» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները»,-տեղեկացրեց Փելեշյանը:

Անդրադառնալով բացօթյա ներկայացումներին՝ թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն շեշտեց, որ  մեկնարկը տվել են դեռ հունիսին՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի խնձորի  այգում ներկայացնելով «Խնձորի այգին» բեմադրությունը, որի ռեժիսորը Շահվերդյանն է: Հուլիսին նույնպես խաղալու են այն:

«Մենք առաջին թատրոնն էինք, որը համավարակի տարածման ընթացքում բացօթյա բեմ  պատրաստեցինք և մանկական ներկայացումներ ձեռնարկեցինք այդ հարթակում: Այս ամառ այդ ավանդույթը շարունակելու ենք: Կարևորում եմ նաև առցանց ծրագրերը.  թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջով և  YouTube-ի ալիքով ցուցադրվում է «Թատրոնն էկրանին» նախագծի ֆիլմերի շարքը: 90-ամյակին ընդառաջ 15 ֆիլմ կհրապարակվի: Սեպտեմբերից նաև տոմսերի օնլայն վաճառք կլինի»,- նշեց նա:

Նախատեսվում է նորոգել թատրոնի ճեմասրահը, որտեղ կցուցադրվեն թատրոնի պատմությունը ներկայացնող արխիվային նյութեր, հագուստներ, որոնք այժմ չեն օգտագործվում, սակայն ժամանակին կրել են ականավոր դերասանները և այլ արժեքավոր ցուցանմուշներ:

Գոռ Փելեշյանի խոսքով՝ թատրոնի ամբողջ անձնակազմը երազում է, որ թատրոնի շենքն ամբողջովին վերանորոգվի և նոր շնչով ընդունի հանդիսատեսին:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]