Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՄՍ փոխնախարարը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում

ԿԳՄՍ փոխնախարարը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում

ԵՐԵԲՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ծանոթանալով բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ և քննարկել բուհի ընթացիկ ու հեռանկարային զարգացման ծրագրերը: Կարեն Թռչունյանը կարևորել է ՀՀ բուհերի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացումը, որը միտված կլինի կրթության և գիտության զարգացմանը՝ ըստ պետության առաջնահերթությունների: Նրա խոսքով՝ առաջնային խնդիրներից է ԲՏՃՄ ոլորտի, ինչպես նաև հետազոտական ներուժի և կարողությունների խթանումը ՀՀ բուհերում, ուստի համալսարանները պետք է կիսվեն իրենց փորձով ու համաշխարհային լավագույն փորձառությունները կիրառեն Հայաստանում՝ նպաստելով գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առաջխաղացմանը: Փոխնախարարը կարևորել է նաև գիտական լաբորատորիաների առկայությունը բուհերում:

Ըստ Կարեն Թռչունյանի՝ անհրաժեշտ է գործի դնել բոլոր լծակները և օգտագործել հասանելի հարթակները՝ նպաստելու պետության առաջնահերթությունների իրագործմանը: Այդ նպատակով հարկ է իրականացնել ոլորտի կարիքների գնահատման ուսումնասիրություն՝ հետագա 5-7 տարիների կտրվածքով, մշակել գործողությունների պլան և հետևել այդ գործընթացի ճանապարհային քարտեզին:

Կարին Մարկիդեսն իր հերթին ներկայացրել է ՀԱՀ-ի ստանձնած ռազմավարական գործունեությունը: Նա անդրադարձել է «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և «Քաղաքականության մշակման և հետազոտության ֆոնդի» գործունեությանը, «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրին: Բուհի նախագահը խոսել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համատեղ նախաձեռնության մասին, որի շրջանակում մի քանի տասնյակ հարցազրույցներ են անցկացվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի առաջխաղացմամբ հետաքրքրված շահառուների հետ: Արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հինգ նպատակային ուղղություններով՝ Հայաստանի արհեստական բանականության հետազոտական կենտրոն, առաջնորդության զարգացում, կարողությունների զարգացում մարզային կլաստերներում, ընդլայնված STEM կրթություն և նախագծահեն ուսուցում ու նորարարական գործընթացներ: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է ստեղծել բուհերի համագործակցության հարթակ և աշխատել առաջարկվող հինգ ուղղություններով՝ նպաստելով ՀՀ տեխնոլոգիական զարգացմանը:

Կարին Մարկիդեսը նաև նշել է Սևծովյան համալսարանների ցանցի և 2021 թ. ցանցի նախագահությունը ՀԱՀ-ի կողմից ստանձնելու մասին, որը, ըստ բուհի նախագահի, կարող է ծառայել որպես համագործակցության հարթակ և նոր հնարավորություններ ստեղծել ՀՀ բուհերի միջև համագործակցության զարգացման համար:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը եղել է բուհում գործող Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC), որը ձեռնարկատիրական կրթության, գիտական տարբեր ճյուղերի միջև համագործակցության և ստարտափ ձեռնարկությունների ինկուբացիայի խթանման հարթակ է: EPIC-ը նոր ձեռնարկատերերին էկոհամակարգ է տրամադրում, որը բաղկացած է առաջնակարգ հարմարություններից և համատեղ աշխատանքային տարածքից, ծրագրերից ու միջոցառումներից, ինչպես նաև մենթորների, խորհրդատուների և ներդրողների ցանցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am