1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիեզերական ճառագայթների հետախույզը, հայկական գիտության ջահակիր եղբայրներից մեկը

Տիեզերական ճառագայթների հետախույզը, հայկական գիտության ջահակիր 
եղբայրներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակին ամերիկյան գաղտնի ծառայությունների գաղտնազերծած որոշ փաստաթղթեր հետաքրքիր իրարանցում էին առաջացրել Հայաստանում: Դրանցում հիշատակումներ կային մեր երկրի՝ խորհրդային հանրապետության տարածքում ատոմային ռումբի գործարան ստեղծելու մասին: Սա, անշուշտ, առասպել էր, սակայն բազմաթիվ այլ փաստաթղթեր վկայում էին ամերիկյան հետաքրքրության, անհանգստության մասին:

1951 թ. նոյեմբերի 21 թվագրությամբ փաստաթղթում նշվում էր, որ Երեւանի մերձակայքում ատոմային հետազոտությունների ինստիտուտ է ստեղծվել: Կոորդինատներից բացի, նշվում էր, որ այն ստեղծել են երկու հայ եղբայրներ: Երկու հայ եղբայրները Աբրահամ եւ Արտեմ Ալիխանյաններն էին: Անհանգստության պատճառներից մեկն էլ այն էր, որ եղբայրներից ավագը՝ Աբրահամը, Իգոր Կուրչատովի հետ անմիջական դերակատարություն էր ունեցել ԽՍՀՄ-ում ատոմային ռումբի ստեղծման գործում: Իսկ կրտսե՞րը… Այսօր նրա՝ Արտեմ Ալիխանյանի ծննդյան օրն է, մեծավաստակ գիտնականի, ով իր եղբոր հետ խարույկեց հայոց գիտության ջահը իր արարումներով…

1908 թվականին վրաց մայրաքաղաքում երկաթուղային աշխատողի ընտանիքում է ծնվել Արտեմ Ալիխանյանը: Դպրոցն ավարտելուց հետո Աբրահամի հետ մեկնում են Սանկտ Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու: Ավագն ընդունվում է պոլիտեխնիկական ինստիտուտ, կրտսերը՝ համալսարան: Ապրուստի միջոցներ հայթայթելու համար երիտասարդներն ուսման ընթացքում ստիպված էին նաեւ աշխատել: Բուհերն ավարտելուց հետո գիտությամբ տարված եղբայրներն սկսում են զբաղվել բյուրեղների ռենտգենակառուցվածքային ուսումնասիրությամբ, հետազոտել ատոմի միջուկն ու ճառագայթաակտիվությունը:

Արտեմ Ալիխանյանի առաջին աշխատանքները վերաբերում են բյուրեղների ֆիզիկային, ռենտգենյան ճառագայթների եւ էլեկտրոնների դիֆրակցիային: 1931-ից զբաղվում է ռադիոակտիվության եւ ատոմի միջուկի հետազոտությամբ: 1934 թ. եղբոր եւ Մ. Կոզոդաեւի հետ հայտնաբերում եւ հետազոտում է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երեւույթը, իսկ 1936 թ. Աբրահամի եւ Լ. Արցիմովիչի հետ ապացուցում իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգի անիհիլացման ժամանակ:

Արտեմ Ալիխանյանը հայտնաբերել է էլեկտրոններ առաքող առաջին արհեստական ռադիոակտիվ տարրը (սիցիլիում): 1942-ին (1945 թ.) իր տաղանդավոր եղբոր հետ ստեղծել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, որտեղ հայտնաբերվել են լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները, մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում եւ տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ առաջանալու երեւույթը (1950 թ.): Կրտսեր Ալիխանյանը մեծ ավանդ ունի նաեւ բարձր եւ գերբարձր էներգիաների մասնիկների իմպուլսների դետեկտման եւ չափման նոր մեթոդների ստեղծման ասպարեզում: Նա եղբոր հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում:

Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով: Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, եւ դրանք ձեռք են բերում մեծ էներգիա: ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվում է Մոսկվայում՝ Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երեւանում:

Կրտսեր Ալիխանյանը ստեղծել եւ կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային եւ կայծային խցիկներ): Նրա նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Երեւանի էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչը, կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը, հիմնադրել Նոր Ամբերդի կայանը, ղեկավարել տնտեսական եւ փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը:

Բարձր է գնահատվել հանճարեղ գիտնականի վաստակը. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական եւ Լենինյան մրցանակակիր, եղբայրը Աբրահամ հանճարեղ ֆիզիկոսի, որը Ի. Կուրչատովի, այլ գիտնականների հետ անմիջական մասնակցություն էր ունեցել խորհրդային միջուկային զենքի ստեղծման աշխատանքներին, անժխտելի ավանդ ուներ այդ գործում եւ դրա ակունքներում էր կանգնած… Ավաղ, ուրացման, ապերախտության տխուր ժամանակներ…

Ահա թե ինչու էին ժամանակին ամերիկյան գաղտնի գործակալությունները անհանգստանում՝ իմանալով, որ Երեւանի մերձակայքում ատոմային հետազոտությունների ինստիտուտ է ստեղծվել…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]