Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Oգտագործելու ենք նաև խորհրդարանը՝ մեր պայքարն ավելի ուժեղ դարձնելու համար. Վանեցյան

Oգտագործելու ենք նաև խորհրդարանը՝ մեր պայքարն ավելի ուժեղ դարձնելու համար. 
Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի՝ կվերցնի խորհրդարանում իր մանդատները, թե ոչ, սակայն, եթե որոշում կայացվի վերցնել դրանք, ապա դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը ևս կգնա խորհրդարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Արթուր Վանեցյանը:

«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարան են անցել ՔՊ-ն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ կա իրողություն: Այո, ընտրական գործընթացում տեղի են ունեցել խախտումներ, որի մասին մենք բարձրաձայնել ենք, բարձրաձայնում ենք և դիմելու ենք մեզ բոլոր հասու միջոցներին՝ այս արդյունքները վիճարկելու, արժանահավատությունը պարզելու համար: Դրանից հետո նոր մենք որոշում կկայացնենք ՝լինելու ենք խորհրդարանում, թե ոչ»,-ասաց Վանեցյանը:

Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնում է մանդատները, ապա, Վանեցյանն ասաց, որ ինքը միանշանակ իր թիմին չի թողնի մենակ: «Գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը իրավական որևէ հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»,-ասաց նա:

Եթե «Պատիվ ունեմ» դաշինքը որոշում կայացնի մտնել խորհրդարան, ապա հանդես է գալու ընդդիմության դիրքերից: Վանեցյանը շեշտեց, որ պետք է կոշտ ընդդիմություն լինեն իշխանությանը: «Մեր պայքարը շարունակվելու է, մենք չենք դադարեցնելու մեր պայքարը և օգտագործելու ենք նաև խորհրդարանը՝ մեր պայքարն ավելի ուժեղ դարձնելու համար»,-ասաց նա:

Ըստ Վանեցյանի՝ «Պատիվ ունեմ»-ում ընդգրկված քաղաքական ուժերն ունեն այնքան քաղաքական պոտենցիալ, այնպիսի պրոֆեսիոնալների մեծ թիմ, որ ի զորու են ցանկացած իշխանության դնել շատ ծանր պայմաններում:  «Նրանք այլևս երբեք չեն կարողանալու խորհրդարանում անել այն, ինչ ուզում են, չեն կարողանալու մեզ հետ ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել, որ մենք ինչ-որ բանի վրա աչք փակենք: Կարողանալու ենք ստիպել իշխանությանը՝ կատարել հայանպաստ քայլեր»,-նշեց նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել 27 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ, որոնց հիման վրա կատարվում է ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]