Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավիե Բետելին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից.

Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, 

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի կառավարության անդամներին հղել ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության ու զարգացման լավագույն մաղթանքներ՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմաշերտ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու մեր երկու երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումն առավելագույնս ապահովելու ուղղությամբ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների ընթացքում Լյուքսեմբուրգի կառավարության դրսևորած վճռական սկզբունքայնության և բազմակողմ հարթակներից այդ դիրքորոշումը բարձրաձայնելու համար։ 

Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի կառավարությանը նորանոր հաջողություններ»։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]