Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

ԱՄՆ-ում կոչ են անում չմոռանալ Վրաստանը. Թբիլիսին կամուրջի դեր է կատարում Վաշինգտոնի, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ

ԱՄՆ-ում կոչ են անում չմոռանալ Վրաստանը. Թբիլիսին կամուրջի դեր է կատարում 
Վաշինգտոնի, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ Բայդենն ավարտի իր այցը Եվրոպա, Վրաստանն ավելի նկատելի տեղ պետք է զբաղեցնի Վաշինգտոնի միջազգային օրակարգում: Այս կարծիքին է ամերիկյան «Newsweek»-ը, ըստ որի՝ Վրաստանին անհրաժեշտ է լուրջ քաղաքական, ռազմական ու տնտեսական աջակցություն արեւմտյան գործընկերների կողմից, եւ այդ աջակցության մեծացումը բխում է Միացյալ Նահանգների շահերից:

Քանի որ ողջ աշխարհի ուշադրությունը բեւեռված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի եվրոպական շրջագայության, ինչպես նաեւ Ժնեւում կայացած Բայդեն-Պուտին երկար սպասված գագաթնաժողովի վրա, մյուս ուղղությունները պակաս նկատելի են, եւ անդրատլանտյան անվտանգության կենսականորեն կարեւոր հարցերը մղվել են երկրորդ պլան: «Մեծ յոթնյակի» ու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների «խելագար» շաբաթվա ընթացքում շատ մրցակցող խաղացողներ, խնդիրներ ու հետաքրքրություններ են եղել: Եվ չնայած մամուլի ուշադրության կենտրոնում այս աշխարհի ուժեղագույններն են, կարեւոր է մենակ չթողնել կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակցին՝ Վրաստանին:

Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մակֆոլը վերջերս հիշեցրել է, որ 10 տարի առաջ Բայդենի ու Պուտինի միջեւ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ նրանք կտրուկ կարծիքներ են փոխանակել՝ կապված «Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիայի» հետ: Ըստ «Newsweek»-ի՝ ավելի ուշ Ուկրաինայում ՌԴ-ի կողմից կատարված գործողությունները բոլորի համար պետք է հիշեցում լինեն այն մասին, որ «2008 թ. Կրեմլը հրաման է տվել ներխուժել Վրաստան՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի ազդանշանի՝ հօգուտ դաշինքի կազմում նրա ընդգրկման»: Այսօր ռուս զինվորականներն առաջվա պես զբաղեցնում են Վրաստանի տարածքի 20 տոկոսը:

Թբիլիսիի հետ Վաշինգտոնի ռազմավարական գործակցությունը վերլուծելիս ամերիկյան քաղաքագետները պետք է կենտրոնանան նաեւ ավելի ընդհանուր բնույթի հարցերի վրա: Վրաստանն օրինակ է այն բանի, թե ինչպես նախկին խորհրդային հանրապետությունը կարող է նկատելի ժողովրդավարական հաջողությունների հասնել ու շարունակել պայքարել իր ինքնիշխանության համար, չնայած Ռուսաստանի հետ ոչ լավ հարաբերություններին: Ինչպես փաստում է «Newsweek»-ը, Բայդենի վարչակազմը Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունը պետք է հասցնի ավելի բարձր մակարդակի գոնե երեք պատճառով:

Առաջին՝ Վրաստանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովմանը: 2020 թ. կրկին բռնկվեց արցախյան հակամարտությունը: Մոսկվայի միջնորդությամբ արցախյան երկրորդ պատերազմի ելքը Վրաստանի համար իր հարավային սահմանների մոտ ռուսական զորքերի տեղակայման սպառնալիք էր նշանակում: Համաձայնագիրը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայության ապահովում: Տարածաշրջանում ռուսական զորքեր կան նաեւ Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում: «Եվ մինչ Վրաստանը շարունակում է ճնշման ենթարկվել, Ռուսաստանը պնդում է տարածաշրջանային համագործակցության նոր ձեւաչափի վրա՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այս ձեւաչափում Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքը նպատակաուղղված կերպով դուրս են մնում մասնակիցների ցանկից:

Այդուհանդերձ, Վրաստանին հաջողվեց կարեւոր դեր կատարել առաջին միջոցառումների ընդունման մեջ, որոնք միտված էին ղարաբաղյան հակամարտությունում վստահության ամրապնդմանը: «Վերջերս Թբիլիսիի ձգտումները պարգեւատրվեցին. Ադրբեջանն ազատեց 15 հայ ռազմագերիների՝ փոխանակելով նրանց ականային քարտեզի հետ, որը մատնացույց է անում 97 հազար հակատանկային ու հակահետեւակային ականների գտնվելու վայրերը: Թբիլիսիի միջնորդությանը հավանություն էր տվել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Վրաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում ցույց է տալիս նրա կարեւոր դերն Արեւելյան Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության խթանման գործում՝ որպես ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից»,- նշում է «Newsweek»-ը:

Երկրորդ՝ երբ Ամերիկան ռազմական աջակցության համար դիմում է իր դաշնակիցներին, առաջինն արձագանքում է Վրաստանը: Վրացական զորքերը մասնակցել են այն գործողություններին, որոնք անցկացվել են Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարությամբ: Այսպիսով՝ Վրաստանն այն երկրներից մեկն է, որոնք մտնում են կոալիցիոն ուժերի կազմի մեջ եւ ամենամեծ ներդրումն են ունեցել մեկ մարդու հաշվարկով: Երբ բռնկվեց ռուս-վրացական պատերազմը, Թբիլիսին իր զորքերը հանեց Իրաքից, սակայն մինչեւ հիմա անփոփոխ մասնակցում է բոլոր օպերացիաներին, որոնք անցկացվում են Աֆղանստանում: Վրաստանը վերջին տասնամյակների ընթացքում բարեփոխումներ է կատարում իր զինված ուժերում՝ պատրաստվելով այն օրվան, երբ կմտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Չնայած ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում զոհեր են եղել, հանրության ու կուսակցությունների կողմից ՆԱՏՕ-ին Վրաստանի մերձեցման քաղաքական աջակցությունը շատ բարձր է մնում:

Երրորդ՝ Վրաստանը կարող է կամուրջի դեր կատարել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Վրաստանի արտաքին քաղաքական նկրտումները հստակ են՝ դառնալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ՝ որպես կայուն եւ բարգավաճող ժողովրդավարություն, որը դարձել է Արեւմուտքի բաղկացուցիչ մասը: Բայց Թբիլիսին գիտի, որ չպետք է հակամարտության մեջ լինի իր հզոր հարեւանների հետ: Վրաստանին հաջողվել է Ռուսաստանի հետ համեմատաբար կայուն հարաբերություններ պահպանել, արդյունավետ ռազմավարական գործընկերություն հաստատել Թուրքիայի հետ: Թբիլիսիի դերը՝ որպես կամուրջ Միացյալ Նահանգների եւ այս երկու տերությունների միջեւ, կարեւոր է Սեւծովյան տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]