Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին, նաև՝ ՔՊ-ի աջակիցներին կոչ արեց վերջ դնել անհարկի թշնամանքին

Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին, նաև՝ ՔՊ-ի աջակիցներին կոչ արեց վերջ դնել 
անհարկի թշնամանքին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին երկու առաջարկ-կոչ արեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց  Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

Փաշինյանը կոչով դիմեց քաղաքական  և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին: «Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը: ՀՀ ժողովուրդը ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և իրավիճակ: Եվ այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է՝ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը: Եվ ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և մենք պետք է այդ էջը սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական արժեքների, պետական և ազգային արժեքների վերահաստմամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդունեց, որ ինքն էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, գուցե՝ ստիպված, գուցե՝ կամա, գուցե՝ ակամա, չի խուսափել այդ տրամաբանությունից: «Բայց ես առաջինն ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին՝ վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և պետք է պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ սա չի նշանակում, որ նախկինում ժողովրդի առաջ ստանձնած որևէ պարտավորությունից կհրաժարվեն՝ հավելելով, որ Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգ ու կանոն և պատասխանատվության անխուսափելիություն:

Նա հնչեցրեց երկրորդ առաջարկը հանրային, քաղաքական կյանքի մասնակիցներին: Փաշինյանը հիշեցրեց, որ ժողովրդից գողացվածի վերադարձը իրենց կառավարության հրատապ օրակարգն է միշտ եղել: Նա շեշտեց, որ նախորդ 3 տարիների ընթացքում ոչ ոքից ոչինչ չեն խլել, ցանկացել են, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի և անհատների քմահաճույքից:  Փաշինյանը հիշեցրեց, որ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, այն անխուսափելիորեն գործելու է:

«Իմ նախորդ առաջարկի տրամաբանության մեջ ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ: Եվ ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել: Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]