Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

«Նոր գիրք»-18/21. Եվս չորս #ՆորԳիրք

«Նոր գիրք»-18/21. Եվս չորս #ՆորԳիրք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 
Կարեն Անտաշյան, «Դզոն»

«Դզոնը» էքզիստենցիալ ճգնաժամի և ինքնության տարբեր ասպեկտների փլուզումի միջով իր պարտությունների վերջնագծին մոտեցած ժամանակակից մարդու պատում է, որն այնուամենայնիվ գտնում է ճանապարհ դեպի ապրելու բերկրանքը և նրա ուղեցույցը բնավ հույսի փողփողուն դրոշակը չէ։ Ինչպիսի՞ն է իրականության հետ առերեսումը վերապրող մարդը և ինչպիսի՞ն է այդ փոխակերպությունների փորձառությունը բանաստեղծելու լեզուն։ Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ»-ը:

Թարգմանական գրականություն 
Նիկոս Կազանձակիս, «Քրիստոսը կրկին է խաչվում»

«Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է տեսել Նիկոս Կազանձակիսի «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը: Նիկոս Կազանձակիսը (1883-1957) անցյալ դարի հույն ամենանշանավոր գրողներից է, որը հայտնի է ավետարանական պատմությունների ցնցող մեկնաբանություններով: «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը հիմնված է սոցիալական սուր բախումների վրա, որը հանգեցնում է Կազանձակիսի հերոսների կողմից Քրիստոսի անհատականության տարբեր մեկնաբանությունների: Իրադարձությունների առեղծվածային ճակատագրականությունը վեպին հաղորդում է խորհրդավոր երանգներ: 

Թարգմանությունը հունարենից` Գ. Փանոսյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկական գրականություն
Լիզ Փիշըն, «Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը»

Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղրանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։ Թարգմանությունը` Արթուր Մեսրոպյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը: 

Փաստավավերագրական գրականություն 
Դանիել Ջի, «Հաջողված գործարք»

Դանիել Ջիի «Հաջողված գործարք» գիրքը Ամազոնի սպորտային բեսթսելլեր է, որում հայտնի ֆուտբոլային գործակալը ֆուտբոլասերների և ֆուտբոլի աշխարհի մասնագետների, ֆուտբոլիստների համար բազմաթիվ գաղտնիքներ  և հետաքրքիր փաստեր է  ներկայացնում տրանսֆերների,  դատական վեճերի, Անգլիական պրեմիեր լիգայի և մյուս թոփ առաջնությունների  մասին, հանդես է գալիս բազմաթիվ օգտակար խորհուրդներով, որոնք բազմիցս իրենց արդարացրել են և հաջողություն են բերել սպորտային աշխարհի ներկայացուցիչներին։ Թարգմանիչ՝ Տաթևիկ Թումանյան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: 


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]