Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Թեժ ընտրարշավ՝ առանց ակնհայտ ֆավորիտի. միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին

Թեժ ընտրարշավ՝ առանց ակնհայտ ֆավորիտի. միջազգային մամուլն անդրադարձել է 
Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 20-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջև է, սակայն նրանցից ոչ ոք ակնհայտ ֆավորիտ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային մամուլը՝ ներառյալ հարևան երկրների, ռուսական, եվրոպական, ամերիկյան, արաբական, հնդկական առաջատար լրատվամիջոցները, նախօրեին անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ամփոփելով ընտրության օրվա առավոտյան տվյալները՝ BBC-ի թղթակիցը նկատել է, որ քաղաքացիների մասնակցության ծավալները գերազանցում են սպասելիքները:

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը նույնպես նկատել է վաղ առավոտից ընտրատեղամասերում գոյացած հերթերը, որի պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական ուժերի թեժ մրցակցությունը, այլև քվեարկության «ձգձգվող» ընթացակարգը՝ իր առանձնահատկություններով և նորամուծություններով:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները լուսաբանում է նաև «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ նշելով, որ կիրակի առավոտյան մեկնարկած ընտրությունները շատ մրցակցային են:

Նույնը փաստել է արաբական «Ալ-Ջազիրան»՝ նշելով, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ տարվա ռազմական պարտությունից հետո կորցրել է իր հասարակական վստահության մեծ մասը, շատ մոտ մրցավազքի մեջ է այս ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հետ:

Ուշագրավ է, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցների մեծ մասը հայաստանյան ընտրությունները կապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և 2020 թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի հետ:

Օրինակ, գերմանական «Դոյչե Վելլե» պարբերականը գրում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պատճառը նախորդ տարվա պատերազմն էր և դրա հետևանքով ձևավորված իրավիճակը:

«Այսպիսի թեժ նախընտրական քարոզարշավ Հայաստանում թերևս չէր եղել», - շեշտելով, որ ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե պահպանե՞լ է արդյոք Փաշինյանը իր վստահությունը հանրության շրջանում, թե՞ հիասթափված ընտրողները երես են թեքել նրանից:

Ընտրություններին հայտ ներկայացրած 25 կուսակցություններից և դաշինքներից, ըստ «Դոյչե Վելլե»-ի մեկնաբանի, ակնհայտ անցնողները երկուսն են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի»: Սակայն ակնհայտ ֆավորիտ նրանց մեջ չկա:

Եվ եթե նախընտրական քարոզաշավի սկզբին առաջատարը, սոցիոլոգիական հարցումների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիրն» էր, ապա այժմ պատկերը փոխվել է: «Դոյչե Վելլե»-ն հայտնում է, որ տեղական MPG Ltd սոցիոլոգիական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ են քվեարկելու ընտրողների 24,1 տոկոսը, իսկ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին՝ 23,8 տոկոսը:

Երրորդ տեղում Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքն է: Ըստ նշված հարցման արդյունքների՝ Ազգային ժողով կարող են անցնել նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը իր հերթին վկայակոչում է Gallup International-ի հունիսի 18-ի տվյալները, որոնց համաձայն «Հայաստան» դաշինքը ստանալու է ձայների 28,7 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ձայների 25,2 տոկոսը:

BBC-ի ռուսական ծառայության վերլուծաբանը նկատել է, որ այս ընտրություններում, փաստորեն, իրար են բախվում ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ղեկավարած բոլոր ղեկավարները, սակայն հիմնական մրցակցությունը լինելու է Փաշինյանի և Քոչարյանի գլխավորած ուժերի միջև:

Թե ով կհաղթի և արդյոք ընտրությունների առաջին փուլի արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն՝ պարզ կդառնա ժամեր անց:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։                                                                                                                                                                                                                                                                    







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]