Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Արթուր Վանեցյանն ընտրություններին մասնակցեց՝ քվեարկելով հանուն արժանապատիվ և բարեկեցիկ Հայաստանի

Արթուր Վանեցյանն ընտրություններին մասնակցեց՝ քվեարկելով հանուն 
արժանապատիվ և բարեկեցիկ Հայաստանի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընտանիքի անդամների հետ քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանեցյանն իր ընտրությունը կատարեց մայրաքաղաքի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում:

«Քվեարկելու եմ հանուն արժանապատիվ, հանուն բարեկեցիկ և ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի ապագայի, որովհետև այսօր ուղղակի ընտրություններ չեն: Այսօր ընտրություն է հանուն Հայաստանի լինելու կամ չլինելու»,-մինչ քվեարկությունը լրագրողների հետ զրույցում նշեց Վանեցյանը:

Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ ընդդիմության նկատմամբ ճնշումներ են եղել՝ Վանեցյանն ասաց, որ իշխանությունը հիմա հոգեվարքի մեջ է և նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն:

Վանեցյանի խոսքով՝ որևէ հետընտրական զարգացում չի լինի, քանի որ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն:

Արթուր Վանեցյանը խոսեց նաև ընտրակեղծիքների մասին՝ ընդգծելով, որ իր թիմակիցները բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր են ստացել:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]