Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Արարատի մարզում կստեղծվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն

Արարատի մարզում կստեղծվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայկական Կարիտաս»  բարեսիրական հասարակական կազմակերպությունն Արարատի մարզում նախատեսում է իրականացնել «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նվիրաբերվել են Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը 2021 թվականի հունիսի 17-ի նիստում հաստատել է այդ նպատակով «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշումը:

ՀՀ փոխվարչապետի համապատասխան որոշմամբ՝ կազմակերպության կողմից 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ իրականացվող «Երեխաների քաղաք»-ստեղծարար կենտրոն ծրագիրը որակվել է որպես բարեգործական ծրագիր:

««Երեխաների քաղաքը» նախատեսված է ստեղծել որպես ոչ ֆորմալ կրթության օղակ, ստեղծարար կենտրոն, որտեղ ՀՀ ամբողջ տարածքից  14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները կարող են ստանալ մասնագիտացում (հիմնականում՝ արհեստագործական) և կյանքի հմտություններ։ Կենտրոնը հարմարեցված և մատչելի կլինի բոլոր երեխաների համար»,- «Արմենպրես»-ի հետ  զրույցի ժամանակ նշեց «Հայկական Կարիտաս»  բարեսիրական ՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը մշակվել է նախ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ապա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ։

Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ ստեղծարար կենտրոնին տրամադրվել են  Շահումյան համայնքից՝ 14,9  հա  և Տափերական համայնքի վարչական տարածքից՝  10,2 հա մակերեսով հողամասեր:

Որպես ծրագրի մեկնարկ հայտարարված է 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, ավարտ՝ 2026-ի դեկտեմբերի 31-ը:

 

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]