Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախի հարցում ամեն բան կորած չէ. մեզ անհրաժեշտ են իրավահեն փաստարկներ և բացառիկ գիտելիքներով ու փորձով ղեկավարներ

Արցախի հարցում ամեն բան կորած չէ. մեզ անհրաժեշտ են իրավահեն փաստարկներ և 
բացառիկ գիտելիքներով ու փորձով ղեկավարներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հարցում ամեն բան կորած չէ: Ներկայիս իրավիճակը կարելի է փոխել, եթե ունենանք բացառիկ կրթությամբ, գիտելիքներով ու փորձով ղեկավարներ, կանխատեսելի ու արդյունավետ դիվանագիտություն և փաստարկներ, որոնք կլինեն իրավահեն, ոչ թե պատմահեն, զգացմունքահեն, իռեդենտիստական և իռացիոնալ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի վերջին ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ չկարողացավ իրավականորեն հիմնավորել ու ապացուցել այն պարզ իրողությունը, որ ի տարբերություն շատ ու շատ այլ կոնֆլիկտների՝ Արցախի հարցում «մայր պետությունը» ոչ թե Ադրբեջանն էր, այլ նախկին Խորհրդային Միությունը, որն իր օրենսդրությամբ ինքնորոշման իրավունք էր տալիս ոչ միայն միութենական հանրապետություններին՝ ինչպիսիք էին, օրինակ, Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը, այլև ինքնավար մարզերին ու օկրուգներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին: Այդ պատճառով էլ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցը ընկալեց որպես միջպետական տարածքային վեճ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

- Պարոն Հայրապետյան, «Ամբերդ» տեղեկագրի հունվարյան համարում լույս տեսած Ձեր՝ «Արցախյան հակամարտությունն ու միջազգային իրավունքը» վերտառությամբ հոդվածին ծանոթանալով՝ միանգամից աչքի է զարնում շատ կարևոր մի դիտանկյուն, որն այս տարիներին, ցավոք, զգալիորեն անտեսվել է՝ որպես ազդեցիկ փաստարկ Արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Խոսքը իրավունքի և միջազգային հանրության համար ավելի ընկալելի լեզվով Արցախի իրավունքները հիմնավորելու մասին է: Մինչ դրան անդրադառնալը՝ մասամբ հռետորական, մասամբ էլ ուղիղ հարց: 2020 թ. Արցախյան պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հիմնական միջնորդ պետության՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, թե «հույս ունենք, որ այսուհետև «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը չի կիրառվի»: Ալիևը ընդհանրապես հայտարարում էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա», «Ղարաբաղի հարցը լուծված է», և այլն: Ի վերջո, Արցախի հարց այսօր կա՞, թե՞ ոչ: Ավելի ճիշտ՝ ո՞ւմ համար կա այդ հարցը և ո՞ւմ համար չկա:

- Ինչպես Դուք ճիշտ նշեցիք՝ հարցը քննարկվել է գրեթե բոլոր ասպեկտներով՝ քաղաքական, պատմական, զգացմունքային, մանիպուլյատիվ, հոգեբանական, նառատիվների և այլ մակարդակներով ու ամենաքիչը այս ոլորտներից քննարկվել է իրավական տիրույթում: Չցանկանալով ասել ինչ-որ մի բան, որ կտեղավորվի նշված տիրույթներում, կլինի քաղաքական, պատմական թե բարոյախրատական, Ձեր հարցին կփորձեմ պատասխանել բացառապես իրավական ասպեկտի տեսանկյունից: Ի՞նչ է նշանակում՝ «կարգավորվել է»: Կա՞ արդյոք խաղաղության պայմանագիր: Եթե կա, ապա որտե՞ղ է, ինչո՞ւ չենք տեսնում:

- Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայտարարություն է զինադադարի մասին, այդպես չէ՞: Ոչ թե հիմնախնդիրը կարգավորող փաստաթուղթ, առավել ևս՝ խաղաղության համաձայնագիր:

- Եթե եռակողմ հայտարարությունը դիտենք Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիայի համատեքստում՝ այո՛, դա կարող է դիտվել որպես միջազգային պայմանագիր: Սակայն դա դեռևս խաղաղության պայմանագիր չէ: Դա ընդամենը ռազմական գործողությունները կանգնեցնելու համաձայնագիր է: Եվ եթե հարցը լուծվել է, ապա ինչո՞ւ այնտեղ կա կետ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերը, 5 տարվա ժամկետը լրանալուց հետո, կարող են դուրս գալ կողմերից որևէ մեկի ցանկությամբ, բայց դրա մասին պետք է տեղեկացնել 6 ամիս առաջ: Եթե նման բաներ կարող են լինել հետագայում՝ ի՞նչ է նշանակում «լուծված»: Ես ինքս, լուծված ասելով, հասկանում եմ համապարփակ կարգավորում: Ադրբեջանը խախտել է ուժ չկիրառելու միջազգային իրավունքի անկյունաքարայի՛ն նորմերից մեկը, ձեռնպահ է մնացել խնդիրը Մադրիդյան սկզբունքներին համահունչ լուծելուց, ուստի միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերի բացահայտ ոտնահարման արդյունքում առաջացած իրավիճակը առնվազն իրավական առումով չի կարող համարվել կարգավորված:

Հակամարտությունը կարգավորվում է՝ երբ կա խաղաղության պայմանագիր: Սա ավելի քան դասագրքային ճշմարտություն է: Չկա այդպիսի պայմանագիր՝ ուրեմն առնվազն իրավական առումով (ես այլ ոլորտներից չեմ խոսելու) չենք կարող խոսել հիմնախնդրի հանգուցալուծման մասին:

- Որքան լսել եմ իրավաբանների մեկնաբանությունները՝ նրանք ասում են, որ նույնիսկ եթե եռակողմ հայտարարության գլխագրում գրված լիներ «Խաղաղության պայմանագիր», միևնույն է, իրավական կարգավիճակով ու տեսակով այն ընդամենը հայտարարություն է: Երկրորդը, եթե խոսում ենք օրինականության մասին միջազգային իրավունքի տեսանկյունից՝ չմոռանանք, որ մեզ ավելի քան 25 տարի ասում էին, համոզում էին, հավատացնում էին, որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող և միջազգային մանդատ ունեցող միակ լեգիտիմ մարմինն է, ու հիմնախնդրի հետ կապված որևէ լուծում պետք է տեղի ունենա Մինսկի խմբի հովանու ներքո և հենց այս ձևաչափի շրջանակներում ընդունված հիմնարար սկզբունքների և բազային փաստաթղթերի հիման վրա: Բայց վերոնշյալ հայտարարությունը և այն փաստացի կարգավորումը, որ եղավ վերջին պատերազմի հետևանքով, կարծես թե, չէր ներառում բոլոր հիմնարար սկզբունքներն ու հիմնական հասկացությունները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի կարգավիճակի հարցը, և ոչ էլ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում էր: Էլ չենք խոսում փաստաթղթի ներպետական վավերացման անհրաժեշտության մասին: Հետևաբար, օրինական կարո՞ղ ենք համարել եռակողմ հայտարարությունը և այն ստատուս-քվոն, որն ամրագրվեց այդ փաստաթղթով:

- Շատ լավ: Հարցը մի քանի մասերից է բաղկացած: Փորձենք պատասխանել դրանց մաս առ մաս: Նախ և առաջ, հասկանանք՝ արդյո՞ք իրավունք ունի վարչապետը երկրի անունից ստորագրել նման փաստաթուղթ: Կրկին անգամ վկայակոչեմ 1969 թ. Վիեննայում ստորագրված Կոնվենցիան միջազգային պայմանագրերի իրավունքի մասին՝ «Law of treaties» կոչվածը: Սա օրենքների օրենքն է միջազգային իրավունքի տեսանկյունից: Դրանով մեկնաբանվում է պայմանագրերի իրավականությունը: Կա երեք պաշտոնյա, որոնք, առանց լրացուցիչ լիազորման, իրավունք ունեն երկրի անունից ստորագրելու միջազգային պայմանագրեր: Նրանք են՝ երկրի նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը: Այս պարագայում «full powers» կոչվածը հարկավոր չէ:

- Ի՞նչ է դա նշանակում:

- Այսինքն՝ նրանք կարող են առանց լրացուցիչ լիազորման երկրի անունից կնքել միջազգային պայմանագրեր, որոնք վավեր են:

Երկրորդը, Դուք խոսեցիք միջազգային պայմանագրի վերնագրի մասին: Վերնագիրը դեռևս հիմք չէ միջազգային պայմանագրի տեսակը, վավեր կամ անվավեր լինելը որոշելու համար: Պայմանագիր է, թե պայմանագիր չէ՝ կախված չէ վերնագրից:

Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) նախադեպային որոշումների գրավոր փաստաթղթի՝ վերնագիրն անկարևոր է, և ժողովների արձանագրություններն ու կոնվենցիաները կարող են դիտարկվել իբրև պայմանագրեր:

Երրորդը, խոսեցիք մեկնաբանման վերաբերյալ՝ ինչքանո՞վ է դա համահունչ միջազգային իրավունքի նորմերին կամ ինչպե՞ս կարող ենք հասկանալ պայմանագրի դրույթները: Միջազգային պայմանագիրը մեկնաբանելու համար Վիեննայի կոնվենցիան սահմանում է 4 հիմնական մոտեցում՝ 1) տեքստուալ, 2) կոնտեքստուալ, 3) թելեոլոգիական: 4-րդը հետո կասեմ:

Ի՞նչ ենք հասկանում տեքստուալ ասելով: Առաջին հերթին, պայմանագրի մեջ գործածվող բառերը պետք է մեկնաբանել իրենց ուղիղ իմաստով: Եթե դա էլ բավական չէ՝ պետք է փորձենք պայմանագրի իմաստը և ոգին հասկանալ կոնտեքստից: Եթե դա էլ բավական չէ՝ պետք է հասկանանք, թե ինչպիսի՞լեգիտիմ նպատակ է հետապնդում այդ պայմանագիրը, ի վերջո, դա ինչի՞ մասին է, այդ պայմանագիրը կնքելու թելեոլոգիական նպատակը ո՞րն է եղել: Բայց նույնիսկ եթե այդ երեք գործիքակազմերը բավարար չեն՝ Վիեննայի կոնվենցիան առաջարկում է չորրորդ մոտեցումը՝ ուսումնասիրել պայմանագրի կնքման գործընթացը (travaux preparatoires), այսինքն՝ նախապատրաստական աշխատանքները, թե ի՞նչ է քննարկվել նախնական փուլերում, սևագրերի մեջ ի՞նչ է գրված, նախնական տարբերակների մեջ ի՞նչ է գրված եղել, և այլն:

- Օրինակ՝ աշխատանքային փաստաթղթերը:

- Աշխատանքային փաստաթղթերը: Դուք շատ ճիշտ ասացիք: Սա այն գործիքակազմն է, որը մեզ ընձեռում է Վիեննայի կոնվենցիան պայմանագիրը մեկնաբանելու համար:

Հիմա գանք այն հարցին, թե որքանո՞վ էր իրավական: Ըստ Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածի՝ ոչ միայն մենք, այլև ցանկացած երկիր իրավունք չունի վկայակոչելու ներքին օրենսդրությունը՝ միջազգային պայմանագիրը անվավեր ճանաչելու նպատակով: Սակայն, նշյալ կոնվենցիայի մեկ այլ՝ 46-րդ հոդվածով հստակ նշվում է, որ պետությունը իրավունք չունի վկայակոչելու այն հանգամանքը, որ իր համաձայնությունը պայմանագրի՝ իրեն վերաբերող պարտավորության նկատմամբ արտահայտվել է իր ներպետական իրավունքի պայմանագիր կնքելու իրավասության վերաբերյալ այս կամ այն դրույթի խախտումով՝ որպես իր համաձայնության ոչ իրական լինելու հիմք՝ բացի այն դեպքից, եթե այդ խախտումն ակնհայտ է և վերաբերում է նրա ներպետական իրավունքի առավել կարևոր նշանակություն ունեցող նորմերին։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք եռակողմ հայտարարությունը բխում է բանակցային գործընթացից, թե ոչ, ապա ես մի բան կուզեի շեշտել: Ձեր խոսքում ասացիք «Մինսկի խումբ»: Թեման այնքան զգայուն է, որ ամեն մի բառին պետք է ուշադրություն դարձնել: Ղարաբաղյան հակամարտությունը քննարկվում էր Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

- Եռանախագահությա՛ն:

- Այո՛, եռանախագահության, որովհետև Մինսկի խումբը շատ ավելի ընդգրկուն է, քան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համանախագահությունը՝ ներառելով Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան և վերջապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի այսպես կոչված տրոյական՝ նախագահող պետությունը, նախորդ տարի նախագահող պետությունը և հաջորդ տարում նախագահող պետությունը։

Այս պարագայում, եթե փորձենք մնալ զուտ իրավունքի սահմաններում և որևէ քաղաքական մեկնաբանություն չանել, ապա եռակողմ համաձայնագիրը դժվար համադրելի է Մադրիդյան սկզբունքների հետ, քանի որ Մադրիդյան սկզբունքների մեջ խոսվում է նաև ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքի մասին:

Ինչո՞ւ եմ «համաձայնագիր» և «պայմանագիր» բառերը օգտագործում փոխարինաբար:

- Ուզում եք ասել՝ դրանց մեջ տարբերությո՞ւն կա:

- Ընդհակառակը: Ըստ ՄԱԿ-ի ԱՄԴ նախադեպային որոշումների՝ պայմանագրի սահմանումը շատ ավելի լայն է և կախված չէ վերնագրից: Եվ այդ կոնվենցիան ծածկում է ոչ միայն այն, ինչի վերնագրում կամ ինչի մեջ կամ ինչի վերջում գրված է «պայմանագիր», այլև տարատեսակ այլ կոնվենցիաները՝ դաշնագրերը, համաձայնագրերը, եռակողմ, քառակողմ կամ բազմակողմ հայտարարությունները: Այսինքն՝ վերցված է չափազանց լայն սահմանում, որի վրա տարածվում է Վիեննայի կոնվենցիան:

 

- Իսկ ի՞նչն է, Ձեր կարծիքով, պատճառը, որ իրավական հարթությունում շատ քիչ ենք քննարկել Արցախի հիմնախնդիրը:

- Տեսեք: Երբ մենք ասում ենք՝ Արցախը մերն է, ու դա հաստատելու համար բերում ենք պատմական հիմնավորումներ, դա կոչվում է «իռեդենտիզմ», որը անընդունելի և անհասկանալի է միջազգային հանրության համար: Երբ մենք խոսում ենք վիլսոնյան իրավարար վճռից, մեծ ու գեղեցիկ քարտեզներ ենք ցույց տալիս, որոնցից շոյվում է մեր աչքը, պետք է հասկանանք, որ աշխարհը շարժվում է 1945-ից հետո սահմանված իրավակարգով, ոչ թե 20-րդ դարի սկզբներին սահմանված իրավակարգով:

20-րդ դ. սկզբին չկար ՄԱԿ, չկար ՄԱԿ-ի կանոնադրություն, որը ամենաբարձր իրավաբանական ուժն ունեցող միջազգային պայմանագիրն է կամ փաստաթուղթը, և վավեր չէ միջազգային այն համաձայնությունը, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության տառին և ոգուն: Այլ կերպ ասած՝ չկա ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող միջազգային փաստաթուղթ: Բայց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ խնդրահարույց է այն, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չունի իրավական որոշակիություն: Մինչդեռ տարածքային ամբողջականությունը բավականին որոշակի սկզբունք է:

Այն օրվանից, ինչ ստեղծվել է ՄԱԿ-ը, երկրներից անջատվել են առանձին միավորներ՝ ստանալով անկախություն և դառնալով ՄԱԿ-ի անդամ: Սակայն եթե մենք այդ անջատված երկիրը պայմանականորեն անվանենք «դուստր պետություն», իսկ այն երկրին, որի կազմում նա եղել է, անվանենք «մայր պետություն», ապա առանց «մայր պետության» համաձայնության, 1945 թվականից այս կողմ, եղել է ընդամենը մեկ դեպք, որ կոնսենսուսի արդյունքում միջազգային հանրությունը ճանաչել է այդ երկրի անկախությունը, և այդ երկիրը դարձել է ՄԱԿ-ի անդամ: Խոսքը Բանգլադեշի մասին է, որը ժամանակին եղել է Պակիստանի մի մասը՝ չունենալով Պակիստանի հետ ընդհանուր սահման, տարանջատված լինելով Հնդկաստանով:

Մնացած բոլոր դեպքերում անկախության ճանաչումը եղել է «մայր պետության» համաձայնությամբ: Օրինակ՝ Էրիթրեա և Եթովպիա: Դժկամորեն, պատերազմների արդյունքում, բայց, այդուհանդերձ, Եթովպիան համաձայնվեց: Կամ՝ Սուդան և Հարավային Սուդան: Դարձյալ դժկամորեն, դարձյալ պատերազմի արդյունքում (ոչ մի պետություն ուրախ չէ, որ իրենից տարածքներ են անջատվում) Օմար ալ-Բաշիրի կառավարությունը համաձայնվեց:

Մեկ այլ հայտնի օրինակ է Կոսովոն, որն անջատվել է Սերբիայից և 2008 թ. անկախության հռչակումից հետո ճանաչվել ավելի քան 100 պետության կողմից: Բայց Կոսովոն դեռ չի դարձել ՄԱԿ-ի անդամ, քանի որ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից Ռուսաստանը և Չինաստանը դեռևս չեն տալիս իրենց համաձայնությունը:

Մեր խնդիրն այն է, որ մենք չկարողացանք իրավական առումով հիմնավորել, որ ի տարբերություն Էրիթրեա-Եթովպիա, Սուդան-Հարավային Սուդան հիմնախնդիրների և այլ հակամարտությունների, Ադրբեջանը Արցախի հարցի պարագայում «մայր պետություն» չէ, քանի որ ԽՍՀՄ օրենսդրությամբ հստակ սահմանված է, որ ինքնորոշման իրավունք ունեն ինչպես միութենական հանրապետությունները, այնպես էլ ինքնավար մարզերը, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ ԼՂԻՄ-ը: Իմ հոդվածի մեջ ես ընտրել եմ ինքնահարցազրույցի ժանրը և ուզում եմ բառացիորեն մեջբերել այդ հատվածը:

Հարցին՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից որքանո՞վ է իրավական Արցախի անկախության հռչակումը», պատասխանում եմ. «Նախ նշենք, որ Արցախի անկախության հանրաքվեն անցկացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին: Մինչ այդ՝ 1990 թ. ապրիլի 3-ին, ընդունվել էր «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը, որը կարգավորվում էր ԽՍՀՄ սահմանադրության 72-րդ հոդվածով (ԽՍՀՄ հանրապետությունների առանձնացումը միութենական պետությունից): Համաձայն նշյալ օրենքի երրորդ հոդվածի՝ միութենական հանրապետությունում հանրաքվեի անցկացման պարագայում առանձին հանրաքվեներ պետք է անցկացվեին հանրապետության կազմում ընդգրկված ինքնավար հանրապետություններում, ինքնավար մարզերում և ինքնավար օկրուգներում: Ավելին, ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները պահպանում էին ԽՍՀՄ կամ անջատվող միութենական հանրապետության կազմում մնալու, ինչպես նաև իրենց պետաիրավական կարգավիճակի մասին հարցերը ինքնուրույն կերպով որոշելու իրավունքը: Նախքան Արցախի անկախության հանրաքվեի անցկացումը՝ 1991 թ. հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանի ազգային խորհուրդը ընդունել էր «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը, որով տվյալ հանրապետությունը հռչակվում էր ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ, այլ 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության  իրավահաջորդ: Նույն սահմանադրական ակտի 3-րդ հոդվածով անվավեր էր ճանաչվում 1922 թ. դեկտեմբերի 30-ի՝ ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը: 1920 թ. սպրիլի 27-28-ին Խորհրդային Կարմիր բանակի մուտքը Ադրբեջան որակվում էր իբրև «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի անեքսիա»:

Հավելենք, որ Արցախը երբևէ չի եղել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում: 1921 թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (ՌԿ(բ)Կ) Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է մեկ այլ՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշում՝ չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Սա աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ), առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ինչ վերաբերում է միջազգային իրավունքի տեսանկյունից անկախության հռչակման իրավաչափությանը, ապա հատկանշական է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) խորհրդատվական կարծիքը Կոսովոյի անկախության իրավաչափության վերաբերյալ: 2008 թ. հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դիմել էր ԱՄԴ-ին, որպեսզի վերջինս խորհրդատվական կարծիք (եզրակացություն) տրամադրի Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման՝ միջազգային իրավունքին համապատասխանության վերաբերյալ: ԱՄԴ 2010 թ. հուլիսի 22-ի եզրակացության մեջ նշված է, որ տվյալ գործողությունը չի ոտնահարում միջազգային իրավունքի նորմերը: Ավելին, ուսումնասիրելով 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերի փորձը, ԱՄԴ-ն կարծում է, որ միջազգային իրավունքը չի պարունակում այնպիսի դրույթներ, որոնք արգելում են որևէ սուբյեկտի կողմից ինքն իրեն անկախ հռչակելը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա, ԱՄԴ համոզմամբ, դա վերաբերում է սոսկ երկրների միջև հարաբերություններին: Ուստի, հիմնվելով ԱՄԴ փաստարկների հիմքում առկա տրամաբանության վրա՝ կարելի է պնդել, որ տարածքային ամբողջականության սկզբունքը, լինելով միջպետական հարաբերությունները կարգավորող նորմ և կարգավորված լինելով այդ հարաբերություններով, չի կարող կաշկանդող հանգամանք ծառայել որևէ սուբյեկտի համար՝ հռչակելու իր անկախությունը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած՝ անկախության հռչակումը դատապարտող բանաձևերին, ապա, ԱՄԴ պնդմամբ, դրանք կապ չունեն Կոսովոյի դեպքի հետ, քանի որ ընդունվել են այլ իրողությունների համատեքստում, երբ կիրառվել է ոչ իրավաչափ ուժ կամ խախտվել են միջազգային իրավունքի՝ jus cogens նորմերը»:

Երբ ասում ենք՝ «jus cogens», խոսքը միջազգային իրավունքի տեսանկյունից անխախտելի նորմերի մասին է, սրանք չի կարելի խախտել: Օրինակ՝ բռնությունից զերծ մնալը, ստրկությունից զերծ մնալը միջազգային իրավունքի տեսանկյունից «jus cogens» նորմեր են, որոնք որևէ պարագայում սահմանափակման պետք է չենթարկվեն:

Անկախության տրամադրումը ինքնորոշման բարձրագույն աստիճանն է: Սակայն, կրկնում եմ, մեր խնդիրն այն էր, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ընկալեց որպես միջպետական տարածքային վեճ: Եվ առհասարակ, այստեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող, քանի որ, ինչպես արդեն նշեցի վերևում, Արցախը չի եղել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում, և իր անկախության գործընթացը ոչ միայն չի հակասում ԱՄԴ հետազոտությունների հիման վրա բացահայտված, նախորդ դարերում գործած նախադեպային իրավունքին և Կոսովոյի անկախության վերաբերյալ տրված գնահատականին, այլև միանգամայն իրավական էր, քանի որ հիմք է ընդունվել պետության, տվյալ պարագայում՝ Խորհրդային Միության սահմանադրությունը և դրա կիրարկումն ապահովող և դրանից բխող օրենքը:

- Շատ լավ: Իսկ ի՞նչ հետևություններ պիտի անենք այս ամենից: Մի կողմ թողնենք այն հարցը, թե վերջին պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը մարտավարակա՞ն, թե՞ ռազմավարական հետևանքներ կունենա Արցախի հիմնախնդրի վրա: Ամեն դեպքում բոլորն էլ ընդունում են, որ մենք պարտվել ենք: Բայց մեր բացթողումներն ու ձախողումները ավելի շատ ո՞ր դաշտում էին՝ իրավունքի և քաղաքականությա՞ն, դիվանագիտությա՞ն, թե՞ ռազմի դաշտում:

- Առաջին հերթին, մեզ անհրաժեշտ էր բերել իրավական առումով ավելի գրագետ և ավելի հիմնավորված փաստարկներ և ընկալելի լինել միջազգային հանրության համար: Յուրաքանչյուր պետության բացառիկ իրավունքն է ճանաչել այս կամ այն պետությունը՝ որպես անկախ սուբյեկտ: Դա կարող է արվել այդ թվում նաև առանձին հռչակագրով՝ որպես անկախության ճանաչման իրավական ակտ: Բայց, ի տարբերություն ներպետական իրավունքի, չկա այնպիսի սուբյեկտ, որը կարող է պարտադրել միջազգային իրավունքը, քանի որ միջազգային հարաբերությունների համակարգը անարխիկ է: Կան հեգեմոն պետություն կամ պետություններ, դրա մասին ակադեմիական գրականության մեջ կա տարակարծություն՝ արդյոք մենք այսօր միաբևեռ աշխարհում ենք ապրում, թե ոչ: Մեկ կամ մի քանի հեգեմոն պետություններ կան: Չխորանանք դրա մեջ: Ամեն դեպքում, եթե ներպետական իրավունքը հնարավոր է պաշտպանել ընդհուպ մինչև ուժով, ապա միջազգային իրավունքը շատ ավելի բարդ է պաշտպանել:

Մի օրինակ բերեմ: Գրեթե ողջ աշխարհը ընդունում է, որ Չագոս կղզիախումբը պատկանում է Մաուրիտուսին: Սա այն հարցերից մեկն է, որում Ռուսաստանն ու Եվրամիության երկրները համակարծիք են: Բայց դա չի խանգարում Մեծ Բրիտանիային, որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի, ունենալ այդ տարածքների վրա քաղաքացիական վերահսկողություն, և Միացյալ Նահանգներին այնտեղ ունենալ ռազմական ներկայություն: Ի վերջո, Չագոս կղզիախումբը գտնվում է Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների «արդյունավետ վերահսկողության» ներքո: Արդյո՞ք այն ճանաչված է Մաուրիտուսի ինքնիշխան տարածք: Այո՛, ճանաչված է: Ուստի, այս պարագայում իրավունքը հատվում է քաղաքականությանը, և այն, ինչ հետևանքներ կարող է չառաջացնել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ գերհզոր պետությունների համար, Հայաստանի նման երկրների համար, հնարավոր է, առաջացնեն հետևանքներ: Ավելի ճիշտ՝ ոչ թե հնարավոր է, այլ շատ հավանական է, որ առաջացնեն հետևանքներ: Ինչպես ասում են՝ «այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»:

- Եկանք-հասանք քաղաքական հարցերին:

- Այո՛, ինչպես ասացի՝ իրավունքը և քաղաքականությունը այստեղ հատվում են: Արդյո՞ք սա լավագույն լուծումն էր: Իհարկե ո՛չ: Արդյո՞ք հնարավոր էր հասնել խաղաղության: Այո՛, հնարավոր էր: Սա իմ անձնական համոզմունքն է, որը գտնվում է իրավական հարցերից անդին:

- Բայց չէ՞ որ ամեն ինչ վերջացած չէ Արցախի հարցում: Մենք սկսեցինք զրույցն այս հարցից և սրանով էլ ավարտենք: Այլ խոսքերով՝ վերջին պատերազմի հետևանքով ձևավորված իրավիճակն այլևս անշրջելի՞ է, թե՞ սա ժամանակավոր հանգուցալուծում էր:

- Իրավունքի իրացումը չեն նվիրում: Իրավունքի իրացման համար պետք է ճիգ գործադրել, նույնիսկ եթե իրավունքը արդեն իսկ թղթի վրա է ամրագրված որպես փաստ: Եթե մենք ակնկալում ենք իրավունքի ինքնըստինքյան իրացում՝ դա նույնն է, որ մենք առյուծից ակնկալենք չուտել մեզ, քանի որ մենք չենք պատրաստվում իրեն ուտել և մենք իրեն չենք ուտի:

Այո՛, ամեն բան կորած չէ, և այս պարագայում մեզ պետք է կանխատեսելի, արդյունավետ դիվանագիտություն և փաստարկներ, որոնք կլինեն իրավահեն: Ոչ թե պատմահեն, ոչ թե զգացմունքահեն, ոչ թե իռեդենտիստական, ոչ թե իռացիոնալ, այլ կլինեն իրավահե՛ն և ընկալելի կլինեն միջազգային հանրության համար: Մեզ պետք են բացառիկ կրթությամբ, գիտելիքներով, փորձով ղեկավարներ:

Հարցազրույցը՝ Արամ Սարգսյանի

Հ.Գ. Ալբերտ Հայրապետյանը «Արցախի հիմնահարցն ու միջազգային իրավունքը» թեմայով հետազոտություն է իրականացնում Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]