Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Գավառ քաղաքի հյուսիսային հատվածում կառուցվում է մուտքը խորհրդանշող հուշարձան

Գավառ քաղաքի հյուսիսային հատվածում կառուցվում է մուտքը խորհրդանշող 
հուշարձան

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի հյուսիսային կողմում կառուցվում է մուտքը խորհրդանշող հուշարձան, որը իրենից կներկայացնի պատմաճարտարապետական նոր արժեք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից` շինարարական աշխատանքներն իրականացվում են Գավառ քաղաքի բնակիչ, բարերար Սամվել Գորոյանի անձնական միջոցների հաշվին։

Հուշարձանի կառուցումը նախաձեռնել է Գավառի համայնքապետարանը։ Ըստ հուշարձանի նախագծող Ռաֆիկ Հերգնյանի՝ հուշարձանն իր կառույցներով ընդգրկում  է շուրջ 1 500 քմ տարածք, որն ունենալու է սալիկապատ եւ կանաչապատ գոտիներ։ Քաղաքի անունն ազդարարվելու է երկլեզու գրությամբ, ճարտարապետական մտահղացումներով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ «Գավառ քաղաքի մուտքը խորհրդանշող հուշարձանի կառուցումը շատ կարեւոր ձեռնարկ է, որը վերջապես իրականություն է դառնում։ Մի քանի տարի անց  լրանալու է 200 տարին, ինչ մեր պապերը գաղթել են Նոր Բայազետ քաղաքից ու վերածնունդ տվել մեր հայրենի քաղաքին։ Այդ ընթացքում նորբայազետցի բազմաթիվ բարերարների բարեգործական ձեռնարկների շնորհիվ վեր են բարձրացել պատմամշակութային նշանակության կոթողներ կամ հանրային նշանակության շինություններ, որոնք ապրում են դարերի, սերունդների համար։ Լիահույս ենք, որ այս կառույցն էլ կդասվի մեր քաղաքի պատմաճարտարապետական հուշարձանների շարքում, կգրավի զբոսաշրջիկներին, նոր տեսք ու շուք կտա մեր քաղաքին։ Ի դեպ, բարերար Սամվել Գորոյանի մեկ այլ բարեգործական ձեռնարկի արդյունքում նախորդ տարվա ընթացքում վերակառուցվել ու բարեկարգվել է մեծանուն ու աշխարհահռչակ գիտնական Սամվել Քոչարյանցի հուշարձանի տարածքը, որը դարձել է մեր այսօրվա քաղաքի   ամենագրավիչ անկյուններից մեկը»,-նշեց Գավառ համայնքի ավագանու անդամ Գրիգոր Դաշտոյանը։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]