Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը Քոչարյանն առանձնացրեց երկրի առջև ծառացած խնդիրները

Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը Քոչարյանն առանձնացրեց երկրի առջև 
ծառացած խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնկալում է, որ գործող իշխանության քաղաքական թիմը խորհրդարան կանցնի հնարավորինս քիչ մանդատներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Ըստ Քոչարյանի՝ պետք է  հեռացնել այն մարդկանց, ովքեր ուղղակի պատասխանատու են նրա  համար, ինչ կատարվում է այսօր երկրում:

«Այս իշխանությունը ստեղծել է 3 խումբ խնդիրներ: Առաջինը անվտանգության խնդիրն է, երկիրը, սահմաններն այսօր պաշտպանված չեն: Յուրաքանչյուր քաղաքացի ունի անհանգստություն, թե ինչպիսին է լինելու մեր ապագան: Նույն իշխանությունը, նույն քաղաքական թիմը ստեղծել է տնտեսական ճգնաժամ՝ արհեստական քայլերով, սխալ որոշումներով: Եվ դրա հետևանքը գործազրկությունն է, աղքատության շեշտակի աճը, արտագաղթը: Մասնագետներն ասում են, որ դա փախուստ է երկրից: Փախուստ է ոչ միայն նրա համար, որ կյանքի որակն է նվազել, դժվարություններն  են շատացել, այլ նաև  նրա համար, որ  մարդիկ անհանգիստ են, պաշտպանված չեն զգում ՀՀ-ում: Մարդիկ ձանձրացել են, հոգնել են ներքաղաքական այս լարվածությունից: Դա երրորդն է, որը ևս ստեղծել է այս իշխանությունը»,-ասաց նա:

Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե որն է բոլոր խնդիրների հաղթահարման ճանապարհը: Ըստ նրա՝ այդ խնդիրը ստեղծողն ունակ չէ դա լուծել՝ հավելելով, որ վճռական կերպով պետք է հեռացնել գործող իշխանությանը:

« Իրենք գլխացավանք են ստեղծելու, եթե մնան խորհրդարանում՝ մեծ ֆրակցիա ունենալով: Ուրեմն հնարավոր փոքր ծավալով մանդատներով իրենք պետք է հայտնվեն խորհրդարանում: Ավելի ճիշտ կլիներ, որ ընդհանրապես չհայտնվեին խորհրդարանում, բայց իրականությունը սա է»,-ասաց նա ու հավելեց, որ իրենք իրենց են առաջարկում՝ որպես այն ուժը, որն, իրենց համոզմամբ, ի վիճակի է երկիրը հանել անդունդից:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]