Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում Վայոց ձորի սահմանին պաշտպանական նոր բնագծեր ձևավորելու ուղղությամբ

Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում Վայոց ձորի սահմանին պաշտպանական նոր 
բնագծեր ձևավորելու ուղղությամբ

ՋԵՐՄՈՒԿ-ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերը շարունակում են ամրացնել ՀՀ պետական սահմանը և պաշտպանական նոր բնագծեր ձևավորել այն տեղամասերում, որոնք սահմանակցում են Արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներին: Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում այդ թվում Վայոց ձորի սահմանին պաշտպանական նոր բնագծեր ձևավորելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել են Ջերմուկի ուղղությամբ տեղակայված նոր մարտական հենակետեր՝ ծանոթանալու սահմանային իրավիճակին և իրականացվող աշխատանքներին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Զորամիավորման և պետական սահմանի տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զորամասի պատասխանատուները լրագրողների հետ զրույցում շեշտել են, որ հայ դիրքապահներն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և պատրաստ են ցանկացած պահի կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք՝ զինվորականներս, կատարել ենք մեզ առաջադրված խնդիրները: Նոյեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատվածում գունդը կառուցել է պաշտպանության նոր տեղամաս, որտեղ հիմա մենք գտնվում ենք: Գնդին վստահված տեղամասում իրականացվում է պետական սահմանի պահպանություն, և ակտիվ, մեծ ծավալով իրականացվում են զբաղեցրած նոր բնագծերի ինժեներական սարքավորման, կահավորման աշխատանքներ, ճանապարհների կառուցման աշխատանքներ, ինչպես նաև առաջնագծի կահավորման և լրահամալրման աշխատանքներ», - լրագրողների հետ զրույցում ասաց սահմանապահ N զորամասի հրամանատար գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ գարունը բացվելուց հետո եղանակային պայմանները ընդամենը 1 ամիս է, ինչ թույլ են տալիս ակտիվ աշխատանքներ կատարել դիրքերում: Մինչդեռ մարտական հենակետերի կառուցման, սարքավորման, կահավորման ու ամրապնդման գործընթացը շատ բարդ, աշխատատար ու ընդ որում՝ մշտական գործընթաց է:

Իսկ տվյալ պարագայում վիճակը բարդացնում են ոչ միայն կլիմայական պայմանները, այլև տեղանքի բարդ ռելիեֆը: Լրագրողները դրանում համոզվեցին՝ տեսնելով ճանապարհների կառուցման աշխատանքները:

Հայաստանի պետական սահմանի այս հատվածում իրադրությունը խաղաղ էր: Դիրքապահներն ասում էին, որ ագրեսիվ գործողություններ հակառակորդի կողմից կամ միջադեպեր չեն լինում:

Ադրբեջանական հենակետերը տարբեր դիրքերից տարբեր հեռավորությունների վրա են, որոշ տեղերում՝ 1000-1500 մ, իսկ որոշ տեղերում՝ ընդամենը 100-150 մ: Հակառակորդի կացարանները կարելի էր տեսնել անզեն աչքով:

Լրագրողների այցելած դիրքերի տարածքում հակառակորդը, զորամասի հրամանատարի խոսքով, առաջխաղացում չի ունեցել, սակայն գնդին վստահված ընդհանուր տեղամասի առանձին հատվածում սահմանի խախտում որոշակի չափով եղել է: Դա տեղի է ունեցել մայիսի 12-ից ծավալված հայտնի դեպքերի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ ներխուժելով ՀՀ տարածք սահմանի մի քանի հատվածներում: Այդ դեպքի վերաբերյալ գնդապետ Մարտիրոսյանը մանրամասներ չհաղորդեց՝ խնդրելով որպես հիմք ընդունել ՊՆ-ի հաղորդած պաշտոնական տվյալները: Ամեն դեպքում, ըստ պատասխանատու զինվորականների՝ սահմանային իրավիճակը նշված տեղամասում հանգիստ է:

«Լարվածություն չկա, հակառակորդի կողմից որևէ սադրիչ գործողություն ներկա պահին չունենք», - նշեց գնդապետ Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ հայկական բանակի սահմանապահ ստորաբաժանումները, այդ թվում՝ տվյալ տեղամասի դիրքապահները, մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները և դիմակայելու հակառակորդի ցանկացած սադրանքին ու ոտնձգություններին: Խոսքը վերաբերում է թե՛ սովորական օրերին և թե՛ տոնական ու համապետական միջոցառումների օրերին, այդ թվում՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Նմանատիպ օրերին առավել ևս բարձրացվում է անձնակազմի զգոնությունը, մարտական խնդրի կատարմանն ընդգրկվում են լրացուցիչ ուժեր և միջոցներ, և ցանկացած պահի պատրաստ ենք կատարելու մեր առջև դրված խնդիրը», - ընդգծեց զորամասի հրամանատարը:

Գնդապետ Մարտիրոսյանը, ի դեպ, չնայած իր երիտասարդ տարիքին՝ մարտական լուրջ փորձ ունեցող զինվորական է: Նա 2020 թ. Արցախյան պատերազմին Քարվաճառի ուղղությամբ հերոսական պաշտպանություն իրականացրած զորամասերից մեկի հրամանատարն է: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]