Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» ծրագրի երկրորդ փորձագիտական այցը

Մեկնարկել է «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» ծրագրի երկրորդ 
փորձագիտական այցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունիսի 15-ին մեկնարկել է տրանսպորտի ոլորտում Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրով նախատեսված՝ փորձագիտական երկրորդ այցը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում եռօրյա այցի ընթացքում լիտվացի մասնագետները ՏԿԵ նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներին կներկայացնեն ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում Լիտվայի համապատասխան մարմինների լավագույն փորձն ու իրավական կարգավորումները։ Ծրագրի հիմնական նպատակն է հայկական կողմին աջակցել ԵՄ և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող՝ տրանսպորտի ոլորտին առնչվող դրույթների իրականացման և ԵՄ համապատասխան իրավակարգավորումներին մոտարկման ՀՀ հանձնառությանն ու ջանքերին։

Փորձագիտական այցի օրակարգային առաջին օրը Լիտվայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում գործող Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության փոխտնօրեն Յուստաս Ռաշոմավիչիուսը ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի մասնագետներին ներկայացրել է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համակարգի առանձնահատկություններն ու ընթացակարգերը, անվտանգ երթևեկության ապահովման քաղաքականությունը, ինչպես նաև վտանգավոր ապրանքների ճանապարհային փոխադրումների կարգավորումները, այդ բնագավառներում Լիտվայի լավագույն փորձը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված փորձն այցի ընթացքում փոխանցել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետներին։

Այցի շրջանակներում Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության հաղորդակցության և միջազգային համագործակցության հարցերի բաժնի խորհրդական Գիեդրե Իվինսկիենեն ՏԿԵՆ երկաթուղային տրանսպորտի քաղաքականության բաժնի մասնագետներին ներկայացրել է երկաթուղային տրանսպորտի մեքենավարների հավաստագրման և լիցենզիաների տրամադրման Լիտվայի փորձը, ինչպես նաև ծանոթացել է այդ բնագավառում Հայաստանում իրականացվող գործընթացներին։ Քննարկվել են հայ մասնագետներին հետաքրքրող մի շարք մասնագիտական հարցեր։

«Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագրի կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]