Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամսով. նա պատիժը կկրի 2 տարի պակաս ժամկետով

Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամսով. նա պատիժը կկրի 2 տարի պակաս 
ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռը հրապարակեց դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:

Հաշվի առնելով կալանավորման ընթացքում անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ Նարեկ Սարգսյանը պատիժը կկրի 3 տարի 6 ամիս և 23 օր:

«Դատարանը վճռեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված արարքների կատարման մեջ:  Պատժի սկիզբը սահմանվում է 2021 թվականի ապրիլի 12-ը»,- հայտնեց դատավորը:

Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Մեղադրող դատախազը պահանջել էր Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը միջնորդել էր քրեական գործը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել, այն պայմանականորեն չկիրառել կամ համաներմամբ ազատ արձակել։

Դատարանը նաև վերացրեց Նարեկ Սարգսյանի եղբոր՝ Հայկ Սարգսյանի շարժական, անշարժ գույքերի և բանկային հաշիվների վրա դրված կալանքները:

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։ Վերջին խոսքով հանդես գալու ժամանակ Սարգսյանն ասաց՝ ընդունում է մեղադրանքը։

Հավելենք, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսից Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ և 2019-ի դեկտեմբերին արտահանձնվել Հայաստանին։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]