Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Հայկ Չոբանյանը ելույթ է ունեցել տիեզերական տարածության հետազոտման թեմայով միջազգային համաժողովի բացմանը

Հայկ Չոբանյանը ելույթ է ունեցել տիեզերական տարածության հետազոտման թեմայով 
միջազգային համաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ին մեկնարկած «Տիեզերական տարածության հետազոտում»՝ GLEX-2021 (Global Space Exploration Conference), խորագիրը կրող միջազգային համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, տիեզերական, ավիացիոն, աստղագիտության բնագավառներին առնչվող ներկայացուցչական այս համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում նախարարի պաշտոնակատարն հանդես է եկել ելույթով:

Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ տիեզերական հետազոտությունների  բնագավառում Հայաստանը մեծ հավակնություններ և ներուժ ունեցող երկիր է։ Ուստի, մեր երկրի համար անչափ կարևոր է համագործակցությունը ոլորտի հիմնական դերակատարների հետ, ինչպես նաև փորձի փոխանակումն այնպիսի ուշագրավ միջոցառումներում, ինչպիսին  GLEX 2021- ն է:

«Այսօր աշխարհում առաջնային խնդիր է նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ տիեզերական հետազոտությունների ոլորտը: Հաշվի առնելով, որ տիեզերական հետազոտությունը զուգորդվում է տեխնոլոգիական առաջընթացով, ՀՀ կառավարությունը ներդրումներ է կատարում այս ուղղությունը զարգացնելու համար: Մենք ջանում ենք համագործակցել աշխարհի առաջատար երկրների հետ՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածությունը օգտագործելու և այլ գլոբալ նախագծերում ներգրավվելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:

Ըստ աղբյուրի՝ համաժողովի շրջանակում, որը կտևի  մինչև հունիսի 18-ը, բացվել է մասնագիտացված ցուցահանդես, նախատեսվում են լիագումար նիստեր տիեզերական գործակալությունների ղեկավարների մասնակցությամբ։ Տեղի կունենան նաև թեմատիկ քննարկումներ, բանակցություններ, փոխգործակցության ֆորում, հատուկ նիստ՝ նվիրված Յուրի Գագարինի թռիչքի 60-ամյակին: 

ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ GLEX 2021-ը կազմակերպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան` Համաշխարհային աստղագնացության ֆեդերացիայի հետ համատեղ:

Համաժողովի հիմնական նպատակն է միավորել տարբեր երկրների գիտնականներին, ինժեներներին, դիզայներներին, ովքեր ձգտում են ուսումնասիրել և տիրապետել տիեզերական տարածությունը, ցանկանում են կիսվել իրենց մտքերով, ծրագրերով և պատրաստ են դրանք քննարկել գործընկերների հետ:

GLEX-2021- ին ներկա են 59 երկրների մոտ 800 ներկայացուցիչներ, այդ թվում` Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, որոնց կողմից ներկայացվելու են 576 զեկույցներ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]