Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

ԿԲ-ն կարճաժամկետ հատվածում կանխատեսում է գնաճի բարձր մակարդակ, այնուհետև՝ աստիճանաբար նվազում և կայունացում

ԿԲ-ն կարճաժամկետ հատվածում կանխատեսում է գնաճի բարձր մակարդակ, 
այնուհետև՝ աստիճանաբար նվազում և կայունացում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը արտաքին հատվածից և ներքին տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն, սակայն կանխատեսում, որ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում կարճաժամկետ հատվածում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հիշեցնելով, որ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5 տոկոս:

«2021թ. մայիսին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 5.9%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է արագանալ՝ մայիսի վերջին կազմելով 7.4%»,-ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ 2021 թվականի երկրորդ եռամսյակում, պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման դրական ազդեցություններով և զգալի խթանող   քաղաքականությունների իրականացմամբ՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում արձանագրվում են տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ: Համաշխարհային պահանջարկի արագ աճի և մի շարք ապրանքային շուկաներում առաջարկի սահմանափակ հնարավորությունների հետևանքով հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: «Նշված առաջարկի և պահանջարկի գործոններով պայմանավորված՝ գործընկեր երկրներում կանխատեսվում են նախկին գնահատականների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակներ։ Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն»,-ասաց ԿԲ նախագահը:

Նա հավելեց, որ 2021թ-ի ընթացիկ զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։ Համախառն պահանջարկը ևս վերականգնվում է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով, որին հիմնականում նպաստում են համաշխարհային պահանջարկի արագ աճը, արտերկրից դրամական փոխանցումների ավելացումը և մասնավոր սպառման աճի բարձր տեմպը, մինչդեռ մասնավոր ներդրումային ակտիվությունը շարունակում է մնալ թույլ: Մասնավոր սպառման բարձր աճին նպաստում են վարկավորման՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումները և բնակչության մոտ նախկինում կուտակված խնայողությունների ծախսումը՝ արտահայտելով նաև հասարակության մոտ գնաճային սպասումների ավելացման հանգամանքը։ «Արդյունքում, արտադրական կարողությունների նկատմամբ պահանջարկի առաջանցիկ աճի պայմաններում, ՀՀ ներքին տնտեսական զարգացումներից ևս կանխատեսվում  են հիմնականում գնաճային ազդեցություններ»,-ասաց Գալստյանը:  

Այսպիսով, հաշվի առնելով արտաքին հատվածից և ՀՀ տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։

«Միևնույն ժամանակ, խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,-ասաց Գալստյանը: 

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը  հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]