Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պանթուրքիստական ուղերձ, Ադրբեջանի կախվածության թուլացում ՌԴ-ից. թուրքագետի անդրադարձն Էրդողանի այցին

Պանթուրքիստական ուղերձ, Ադրբեջանի կախվածության թուլացում ՌԴ-ից. թուրքագետի 
անդրադարձն Էրդողանի այցին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք նոր պայմանագիրը ենթադրում է երկու երկրների միջև շատ ավելի խորն ինտեգրացիա, ինչը պարունակում է պանթուրքիստական ծրագրի ուղերձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Ադրբեջան: Թուրքագետը նկատեց, որ այն տարբերվում է նախորդ այցերից: Նախատեսվում է ստորագրել նոր պայմանագիր, որը, ինչպես հայտարարել է Էրդողանը, պետք է լինի համապարփակ: Այն գալիս է փոխարինելու երկու երկրների միջև եղած 2010 թվականի փաստաթուղթը:

«Պայմանագրի առանձնահատկությունները դեռ չեն հրապարակում, սակայն ես ենթադրում եմ, որ այն արդեն կլինի ինտեգրման ավելի բարձր մակարդակ արտացոլող փաստաթուղթ, որն, ըստ ամենայնի, կարտացոլի այն իրողությունները, որոնք ստեղծվեցին Արցախի դեմ կազմակերպված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով: Ես կարծում եմ, որ այս նոր պայմանագիրն իր աշխարհաքաղաքական բնույթով նշանակում է, որ Թուրքիան Հարավային Կովկասում արդեն ավելի է իր դիրքերն ուժեղացնում՝ Ադրբեջանի հետ այդպիսի խորը հարաբերություններ հաստատելով: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ սկսեց քննարկվել երկու երկրների միջև այնպիսի խորն ինտեգրման գործընթաց սկսելու հարցը, որը կնշանակեր, որ նրանք կոնֆեդերացիա են ստեղծում: Իհարկե, սա գաղափար է, բայց ես կարծում եմ, որ համապարփակ նոր պայմանագիրը կարող է քայլ լինել այդ ուղղությամբ: Եվ սա Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի իրականացման շրջանակներում եմ ես նաև դիտարկում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի ազդեցության մեծացմամբ, այս նոր համապարփակ պայմանագրով, փորձ է արվում ՌԴ-ից Ադրբեջանի կախվածությունը թուլացնել: Ադրբեջանին ավելի շատ դարձնել թուրքական ծրագրեր իրականացնող, այլ ոչ թե ինքնուրույն պետություն:  Ինչ վերաբերում է Էրդողանի այցին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի, ապա Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այդ այցով ու պայմանագրի ստորագրմամբ փաստորեն Շուշին հայտարարվում է թուրքական աշխարհի կարևոր կենտրոն:

«Տեսնում ենք, որ երկու երկրների համագործակցությունը ստանում է պանթուրքիստական ուղղվածություն: Շուշի այցելությունը պանթուրքիստական մեսիջ է, Շուշին փորձում են թուրքալեզու աշխարհի համար մշակութային կենտրոն դարձնել, նախատեսված է, որ այնտեղ տեղի ունենա այդ մշակութային ֆորումը: Ես կարծում եմ, որ սա նաև մեսիջ է տարածաշրջանին, չէ՞ որ Շուշին Հարավային Կովկասի կարևոր կենտրոն է, ռազմավարական նշանակություն ունի: Եվ երբ գալիս է Թուրքիայի նախագահը ու ստորագրում է այդպիսի պայմանագիր Ադրբեջանի հետ, ապա ես կարծում եմ, որ դա մեսիջ է ամբողջ տարածաշրջանին, այն, որ Թուրքիան այդ տարածաշրջանում ուժեղացնում է իր դիրքերը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Հայաստանի անելիքներին՝ թուրքագետը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացով վերականգնվի ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը, Շուշին և Հադրութը պետք է լինեն Արցախի կազմում:

«Շատ կարևոր է, որ մենք արդեն դիվանագիտական առումով սկսենք ավելի լուրջ քննարկումներ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի հետ կապված: Մեր դիվանագիտությունն այստեղ մեծ անելիքներ ունի»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]