Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով. Փաշինյանի ուղերձը Պուտինին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:
Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը:
Այսօր Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքի վրա բազմաբնույթ փոխգործակցություն կառուցելու ձգտումը։
Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում