1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վերահրատարակվել է Էդվարդ Միլիտոնյանի պարսկերեն լույս տեսած «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը  

Վերահրատարակվել է Էդվարդ Միլիտոնյանի պարսկերեն լույս տեսած «Հնարամիտ 
բադի 
ճամփորդությունը» գիրքը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի գրողների միության նախագահ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ մանկապատանեկան, պատանեկան գրականությունն արդիական  և պահանջված է բոլոր ժամանակներում: 

Այդ է վկայում այն, որ հայ հեղինակների մանկապատանեկան ստեղծագործությունները լույս են տեսնում տարբեր լեզուներով: Օրերս պարսկերեն է վերահրատարակվել Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» վեպը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ գիրքը տպագրվել է 2005-2006 թթ. Հայաստանում:  Այն թարգմանվել է ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով: 

Միլիտոնյանը պատմում է, որ հինգ տարի առաջ գիրքը հրատարակվել է պարսկերեն: «Նախորդ տարի ինձանից վեպը վերահրատարակելու իրավունք խնդրեց պարսկական մեկ այլ հրատարակչություն: Տվեցի համաձայնությունս, և օրերս ինձ ուղարկեցին վերահրատարակված տարբերակը: Փաստորեն, գրքի հերոս բադիկը ճամփորդում է աշխարհով մեկ»,- նշում է գրողը: 

Վեպում բադիկը շրջագայում է ամբողջ աշխարհում: Նա մի հնարք ունի. թռչելով չի ճանապարհորդում, այլ երկրագունդը թաթիկով պտտեցնում է՝ հայտնվելով այնտեղ, որտեղ ցանկանում է, հանդիպում է հետաքրքիր մարդկանց: Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ հնարավոր է, որ վեպը թարգմանվի նաև այլ լեզուներով: 

Միլիտոնյանը վստահ է՝ պատանեկան գրքերի կարիքն աշխարհում շատ է: «Դժվար գրականություն է, որովհետև միջին տարիքի երեխաների համար է, իսկ դա այն տարիքն է, երբ նրանք մանկությունից անցում են կատարում պատանեկություն, հոգեբանական, ֆիզիոլոգիական փոփոխություններ են կրում: Միտքն էլ հետաքրքիր անցումներ է ունենում. խորացումներ կյանքի, իրականության, իրենց բնույթի վերաբերյալ: Հեշտ չէ այս տարիքի պատանիների հետ իրենց հետաքրքիր լեզվով խոսել, որովհետև հատուկ լեզու է անհրաժեշտ: Մեծահասակներս երեխաների, պատանիների համար գրելիս մի սխալ ենք թույլ տալիս, քանի որ սկսում ենք տրամաբանել մեծի դիրքերից ու դա հրամցնում ենք փոքրերին, պատանիներին, այնինչ պետք է հակառակը լինի: Նրանց մտածողությամբ է անհրաժեշտ տեսնել աշխարհը, իրերը, բնությունը, կենդանիներին: Հազվադեպ գրողներ կան, որ հասանելի, հաճելի են պատանիներին: Կարիք կա ու պետք է շատ ստեղծագործել հենց պատանիների համար»,- շեշտում է գրողը: 

Նա հիշեցնում է, որ տասը տարի առաջ Եվրոպայի գրողների շրջանում անցկացվել է «Եվրոպացի գրողները պատանիներին» ծրագիրը, որի շրջանակում հավանության է արժանացել իր «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» գիրքը, որը հրատարակվել է գերմաներեն, բուլղարերեն, կիրգիզերեն, ռուսերեն: 

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]