Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան
22:01, 10 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ Հայաստանի Հանրապետությունում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը:
«Եվ ինչպես 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը:
Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ Հայատանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և կասեն, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա», - ասաց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում