Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվեց շագանակագեղձի ադենոմայի տրանսուռետրալ ռեզեկցիա վիրահատություն

Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվեց շագանակագեղձի ադենոմայի տրանսուռետրալ ռեզեկցիա վիրահատություն

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ բուժհաստատության պատմության մեջ  կատարվել է շագանակագեղձի ադենոմայի տրանսուռետրալ ռեզեկցիայի վիրահատություն, որն իրականացրել է  բժիշկ-ուռոլոգ  Արմեն Ալեքսանյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդի ինքնազգացողությունը բավարար է։Առաջիկայում եւս այստեղ կիրականացվեն վիրահատություններ, որոնք նորություն են լինելու բուժհաստատության պատմության մեջ։  

«Նախորդ շաբաթ մեր կողմից հրավիրված Բաց դռների օրվա արդյունքում, որն անցկացրին մայրաքաղաքից հրավիրված մասնագիտական բարձր որակավորում ունեցող բժիշկները, կատարվեց  քրոնիկ քարային խոլեցիստիտի վիրահատություն լապորոսկոպիկ եղանակով, որն իրականացրեց Երեւանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, Միքայելյան ինստիտուտի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը։ Բաց դռների օրվա բժշկական հետազոտություններն ու ուսումնասիրություններն անցկացնում են մայրաքաղաքի առաջատար բուժհաստատություններում աշխատող, ծնունդով Գավառի տարածաշրջանը կամ Գեղարքունիքի մարզը ներկայացնող բժիշկները, ովքեր մեր հրավերն ընդունում են սիրով եւ անում հնարավորը, որպեսզի մեր համաքաղաքացիների բուժումը կազմակերպվի տեղում, բարձրակարգ սպասարկմամբ։ Բաց դռների օրերին սիրահոժար մասնակցում է նաեւ մեր հայրենակից, հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը։Առաջիկայում կձգտենք ավելացնել բժշկական կենտրոնի տեխնիկական եւ կադրային առկա հնարավորությունները, որպեսզի նվազագույնի հասցնենք մեր համաքաղաքացիների հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ։ Բաց դռների օրերը կլինեն հաճախակի, բժիշկների խորհրդատվությունը եւ բուժումը կլինի անվճար։ Ներկա կլինեն վիրաբույժ, ակնաբույժ, մաշկաբան, ուռոլոգ, նյարդաբան, գաստրոսկոպիստ- գաստրոէնտերոլոգ,  էնդոկրինոլոգ, գինեկոպրոկտոլոգ , ռեւմատոլոգ, մանկաբարձ - գինեկոլոգ , դուպլեքս հետազոտող, այլ նեղ մասնագետներ։ Մեր առաջին քայլերը ոչ միայն հուսադրող են, այլ նաեւ տեսանելի, բուժհաստատության առաջընթացն ու սպասարկման որակը քայլ առ քայլ բարձրացնող։ Իմ պաշտոնավարման մոտ մեկամսյա ժամանակահատվածում արդեն երկու անգամ կազմակերպվել է Բաց դռների օր, որոնց ընթացքում հետազոտվել , բժշկական խորհրդատվություն կամ  օգնություն են ստացել 585 քաղաքացի։ Առաջիկա շաբաթ օրը հրավիրել ենք հերթական Բաց դռների օրը»,-ներկայացրեց Գավառի ԲԿ տնօրենը։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]