Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ցուցահանդեսով նշվեց հեղինակի «Երկիր Նաիրի» վեպի 100-ամյակը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ցուցահանդեսով նշվեց հեղինակի «Երկիր Նաիրի» 
վեպի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակի շրջանակում հունիսի 10-ին հեղինակի տուն-թանգարանում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են վեպի նկարազարդումները, որոնք պահվում են թանգարանի հիմնական ֆոնդում: Աշխատանքների հեղինակը Յուրի Բաղդասարովն է: Ցուցահանդեսին զուգահեռ ընթացավ գիտական քննարկում, որին զեկուցումներով հանդես եկան գրողներ, գրականագետներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն նշեց, որ նկարազարդումները վերնագրված չեն: «Չարենցն ասում էր՝ հասկացողը կհասկանա: Այդ սկզբունքով ենք ներկայացրել ցուցահանդեսը: Կարծում եմ՝ հասկացողը կհասկանա, թե վեպի որ հատվածն երից են նկարազարդումները»,-ընդգծեց նա:

Մանուկյանը տեղեկացրեց, որ թանգարանի ֆոնդում պահվում են նաև Մարտիրոս Սարյանի և այլ նկարիչների նկարազարդումներ, որոնք ժամանակ առ ժամանակ կցուցադրվեն: Նախատեսվում է նաև ցուցադրություն, որում կներառվեն բոլոր հեղինակների գործերը:

Անդրադառնալով վեպին՝ Ժաննա Մանուկյանը շեշտեց, որ Չարենցն այն գրել է մաս-մաս՝ ընդհատումներով:  «Չարենցի բոլոր ստեղծագործությունները շատ արդիական են և շատ համահունչ այսօրվա իրադարձություններին: Զուր չեն ասում, որ Չարենցն ապագայի գրող է, որի յուրաքանչյուր բառն ու խոսքն իրականանում է»,-եզրափակեց տնօրենը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ թերթերից մեկը հարցում է անցկացրել հայ գրականության լավագույն վեպերի վերաբերյալ: Չարենցի «Երկիր Նաիրի»-ն առաջատարներից է եղել: «Ցանկում ներառվել են նաև Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Գուրգեն Մահարու «Այրվող արգեստաններ»-ը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և այլ վեպեր:  Չարենցը «Երկիր Նաիրի»-ն համարում էր պոետական վեպ: 1980-1990-ականներին թերագնահատվում էր արձակի բանաստեղծականությունը, այնինչ Չարենցն առանց դրա այս վեպը չէր պատկերացնի: Վեպում Եղիշե Չարենցն ընդգծել է ժողովրդի հոգու թախիծը: Չարենցն ասում է, որ ամեն մարդ իր մեջ պետք է փնտրի Նաիրին ու հասնի դրան»,-ասաց Միլիտոնյանը:

Արձակագիր, հրապարակախոս  Ալիս Հովհաննիսյանի համոզմամբ՝ «Երկիր Նաիրի»-ն գրական մեծ երևույթ է, հայ գրականության պատմության հիմնաքարային ստեղծագորխություն, որը Չարենցը գրել է 24 տարեկանում, ինչը ևս խոսում է նրա հանճարի  մասին: Նա գեղեցիկ է համարում նաև այլ հեղինակների՝ տարբեր քաղաքներին նվիրված ստեղծագործություններ, որոնցից են Ակսել Բակունցի «Կյորես»-ը, Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ»-ը, Աղասի Այվազյանի «Թիֆլիսի ցուցանակները» և այլն:

Խոսելով «Երկիր Նաիրի» վեպի արդիականությունից՝ Ալիս Հովհաննիսյանն ասաց, որ Կարսի անկումը կարող ենք համեմատել Շուշիի անկման հետ: «Անգամ դրվագներով ենք եզրեր գտնել: Կերպարների մեջ ևս առնչություններ կան: Չարենցը կարողացել է այդ ամենն արտահայտել իր հրաշալի վեպում, որի մասին  գիտական գրականություն կա: Չարենցին հավերժական հանճար են համարել, քանի որ նրան ամեն ժամանակաշրջանում կարելի է նորովի բացահայտել, հենց դա է դասականը»,-եզրափակեց հրապարակախոսը:

Նախաձեռնությունն իրականացրին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը և Հայաստանի գրողների միությունը: 100-ամյակի շրջանակում առաջիկայում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]