1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆիզիկական ակտիվություն, ճիշտ սնունդ. հունիսի 10-ը Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման միջազգային օրն է

Ֆիզիկական ակտիվություն, ճիշտ սնունդ. հունիսի 10-ը Լյարդի ոչ ալկոհոլային 
ճարպակալման միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն և առհասարակ առողջ ապրելակերպ. հունիսի 10-ը նշվում է որպես Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման միջազգային օր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը նշեց, որ այս հիվանդությունն իր բազմաթիվ կլինիկական ձևերով համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5 տոկոսից ավելին կազմում է ճարպը, սակայն առանց ալկոհոլի օգտագործման:

«Աշխարհի բնակչության 25-30 տոկոսը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման կլինիկական տարբեր հիվանդություններով, այսինքն՝ ամեն չորրորդը տառապում է այս հիվանդությամբ: Աշխարհում այս հիվանդությունն աճելու միտում ունի, երեխաների մոտ էլ է այն արձանագրվում, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցողների: Շատ ծնողներ ասում են, որ երեխայի քաշը պետք է բարձր լինի, սակայն դա սխալ մտածելակերպ է: Ամբողջ աշխարհում 5-18 տարեկան երեխաներից ավելի քան 300 միլիոնն ավելորդ քաշ ունեն, ինչը մեծ ռիսկ է»,- նշեց Ղազինյանը:

Նա ընդգծեց, որ լյարդի ալկոհոլային ճարպակալում տղամարդկանց մոտ կարող է առաջանալ ամեն օր 30 գրամ խմիչք օգտագործելով, իսկ կանանց մոտ՝ 20 գրամ:

Բժշկուհին ասաց, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալմամբ տառապող մարդկանց 8-10 տոկոսի մոտ կարող է զարգանալ հեպատիտ՝ լյարդի ճարպակալման ֆոնի վրա: 2-5 տոկոսի մոտ կարող է լինել լյարդի ցիրոզ, իսկ 3 տոկոսի մոտ՝ լյարդի առաջնային ուռուցք:

Հայաստանն այս օրը նշում է արդեն 3 տարի շարունակ: ՀՀ-ում այս հիվանդությունը նույնպես արդիական խնդիր է:

«Այս հիվանդության առումով մեր  վիճակագրական տվյալները չեն զիջում աշխարհի տվյալներին: Մեր խոհանոցում ուտեստները բավականին հարուստ են կալորիականությամբ, ինչպես նաև քաղաքացիները ֆիզիկապես այնքան էլ ակտիվ չեն, և հենց այս պատճառով էլ աճ է նկատվում: ՀՀ-ում տղամարդկանց մոտ ավելի շատ է հանդիպում այս հիվանդությունը, քան կանանց: Երեխաների մոտ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը նույնպես աճելու միտում ունի»,- ասաց լյարդաբանը:

Ղազինյանը լյարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ տվեց օրական սնվել 3-4 անգամ, խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից, հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով, չսնվել ուշ ժամերին և վարել ֆիզիկապես ակտիվ կենսակերպ:

Մեծահասակների մոտ լյարդի ճարպակալման առավել տարածված ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և ամենակարևորը` անառողջ ապրելակերպը, այսինքն` ոչ ճիշտ սնվելը և ֆիզիկական ոչ ակտիվությունը: Հիվանդությունն առավել հաճախակի հանդիպում է 45 տարեկանից հետո:

2022 թվականին միջազգային օրվան նվիրված ամենամյա կոնֆերանսն անցկացվելու է Հայաստանում: Նպատակն է՝ միավորել ուռուցքաբաններին, ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին՝ քաղցկեղի խնդիրների շուրջ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]