Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Հայտնի են Ա. Խաչատրյանի անվ. մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները  

Հայտնի են Ա. Խաչատրյանի անվ. մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների 
անունները

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամփոփվել են Ա. Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի արդյունքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից՝ երկրորդ փուլ են անցել 6 դիրիժորներ՝ Դաիչի Դեգուչին (Ճապոնիա), Իեն Նիդերհոֆերը (ԱՄՆ), Յուկուան Ջինը (Չինաստան), Էլիաս Բրաունը (ԱՄՆ), Պաբլո Դևիգո Վասկեսը (Իսպանիա), Յունա Չժոնը (Հարավային Կորեա)։ 

Հունիսի 10-ին մեկնարկում է խաչատրյանական մրցույթի երկրորդ փուլը.  հունիսի 10-ին և 11-ին մասնակիցները կմրցեն հաղթողի կոչման համար։ Երկրորդ փուլում դիրիժորները նվագախմբի հետ կներկայացնեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան (պարտադիր ծրագիր), ինչպես նաև Չայկովսկու, Բրամսի, Դվորժակի կամ Պրոկոֆևի ստեղծագործություններից՝ ըստ ընտրության։

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 12-ին։

Ավանդույթի համաձայն՝ Ա. Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկում է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը՝  հունիսի 6-ին, կոմպոզիտորի անվան համերգասրահում: Մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է:

Մրցույթն անցկացվում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»  մասնագիտություններով:

Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է: Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով էլ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ